Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:

Ինչպես հաղորդում են «Ազատության» աղբյուրները, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում:Ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական առաջնագծում, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն: