Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հիշեցրել են, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները ուղղված Ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի բռնագրավված տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը և խուսափել այս ուղղությամբ որևէ խոչընդոտ ստեղծելուց»:

Ի պատասխան՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմացվող տեղեկություն Բերձորի Ճանապարհի  շուրջ ստեղծված Արցախում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ: Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, հունվարի 17-ին մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը: Արևմտյան Հայաստանը արցախահայության պահանջով  դատեր է բացել Ադրբեջանի դեմ, պաշտպանելու բնիկ հայերի իրավունքները: Վերջին 3 դատական հայցերը ընդունվել են դեկտեմբեր ամսին, մի շարք հայցեր  նախապատրստման փուլում են: