Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքը մեզ հայտնի է անվան այլ տարբերակներով` Բայբուրդ, Սմբատավան և այլն։ Հիշատակվում է իբրև բերդաքաղաք և քաղաք։ Հնում այն վարչականորեն մտնում էր Մեծ Հայքի Սպեր գավառի, իսկ նոր ժամանակներում՝ Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի մեջ։
Բաբերդը գտնվում է Ճորոխ գետի հովտում, Տրապիզոնից Կարին տանող ճանապարհին, ծովի մակերևույթից 1680 մ բարձրության վրա, Կոփ լեռան ստորոտում։ Քաղաքը երեք կողմերից՝ շրջպատված է ոչ բարձր լեռներով։ Բաբերդի շրջակայքում կան արծաթի պաշարներ և պղնձահանքեր։ Շրջակայքում բխում են նաև հանքային աղբյուրներ։
Հայոց պատմության մեջ Բաբերդը առաջին անգամ հիշատակել է Մովսես Խորենացին՝ կապված I դարի քաղաքական դեպքերի հետ։ Հայաստանի 387 թվականի բաժանմամբ Կարնո աշխարհի (Բարձր Հայք) կազմում Բաբերդը նույնպես անցել է Բյուզանդական կայսրության տիրապետության տակ։ Որպես բերդաքաղաք և տարանցիկ ճանապարհի վրա գտնվող առևտրի կարևոր կենտրոն, Բաբերդը հաճախակի դարձել է արտաքին նվաճումների առարկա։
XIX դարի վերջերին նրա բնակչության թիվը հասնում էր 6000 մարդու, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ 30000 մարդու, որից 10000-ը՝ հայեր։ Բաբերդը միջնադարյան Հայաստանի գրչության նշանակալի կենտրոններից էր և եպիսկոպոսանիստ էր։ Այստեղ XIII — XV և XVII դարերում գրված տարբեր բնույթի ու բովանդակության ձեռագրեր են հասել մինչև մեր օրերը։ Հայկական մշակութային կյանքը միանգամից մարել է 1915 թ. ցեղասպանությունից հետո, երբ քաղաքը իսպառ հայաթափ է եղել։