Երուսաղեմի հայկական թաղամասում հինգ տարի տևած վերակառուցումից հետո իր դռներն է վերաբացել Հայաստանի պատմության թանգարանը: Այս մասին հայտնում է The Times Of Israel-ը։
Տնօրեն Ցողիկ Կարակաշյանը նշել է, որ թանգարանը նախատեսված է ծառայելու որպես «հայերի կյանքի ուղեցույց»։
Մինչ վերակառուցումը թանգարանի շենքը, որն ի սկզբանե եղել է 1850-ականներին կառուցված ուխտավորների պանսիոնատ, ծառայել է որպես վանք, մանկատուն ցեղասպանությունից փրկված երեխաների համար, սեմինարիա և, վերջապես, փոքրիկ թանգարան և գրադարան։
Թանգարանի կենտրոնական ցուցանմուշը 5-րդ կամ 6-րդ դարերի խճանկարն է, որը հայտնաբերվել է 1894 թվականին հին հայկական վանական համալիրի տարածքում։ Այն ունի հայերեն մակագրություն՝ նվիրված «բոլոր հայերի հիշատակին և փրկությանը, որոնց անունները Տերը գիտի»։
Թանգարանը ցուցադրում է հայկական նյութական արվեստը, ինչպես նաև պատմում է տարածաշրջանում գոյատևման հայկական պատմությունը:
Երուսաղեմում ապրում է մոտ 6000 հայ, որոնցից շատերը հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների ժառանգներ են։