Եվրոպական խորհրդարանի՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։
CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը:
Ներկայացնում ենք զեկույցից որոշ հատվածներ.
- Խստորեն դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան, որը զինադադարի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղության գործընթացի համար:
- Վերահաստատվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից:
- Համոզմունք է արտահայտվում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ներառյալ ՄԱԿ կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ 2009թ. հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները:
- Մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին:
- Ողջունվում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը և կոչ է արվում ԵՄ խորհրդին ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում:
ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվեց նաև զեկույցին՝ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման վերաբերյալ ներկայացված լրամշակում, որում նշվում է. «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Բերձորի միջանցքով տեղաշարժի ազատությունը»:
https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2022-0292_EN.html