ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիային կոչ են արել առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի վերջ դրվի Արցախի շրջափակմանը, քանի դեռ ներկա ճգնաժամն այնտեղ աղետալի չի դարձել:

Ինչպես նշել են կոնգրեսականները, հարկավոր է, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան առավելագույն ճնշում գործադրի՝ դադարեցնի Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական աջակցություն, ադրբեջանական ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառի շարունակվող ռազմական հանցագործությունների համար, օդային ճանապարհով անհապաղ մարդասիրական օգնություն հասցնի Արցախի ժողովրդին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերին հասցեագրված նամակում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները գրել են. «Բերձորի ճանապարհը բացելու ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը միտումնավոր քայլեր է ձեռնարկում Արցախից հայ բնակչությանը հեռացնելու և նրանց իրենց նախնինների հողում ազատ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Սա էթնիկ զտման ակնհայտ նշան է, որը չպետք է անտեսվի»: 

Արևմտյան Հայաստանը ի լուր աշխարհի հայտնում է, որ բռնազավթիչ Ադրբեջանը ցանկանում է Արցախում իրականացնել էթնիկ զտումներ, նպատակ ունենալով բնիկ հայերին դուրս մղել հայկական տարածքներից։ Սա դեռևս սկսվում է Արցախից, սակայն ադրբեջանական դիկտատորի հայտարարությւոններն ասում են ավելին, նրա հավակնություններն այժմ տարածվում են Արևելյան Հայաստանի տարածքների վրա։ Պետք է հրատապ պատժամիջոցներ կիրառել, հերթական ցեղասպանությունից խուսափելու համար։

Leave a Reply