Արևմտյան Հայաստանի շատախ բնակավայրը գտնվում է Վանա լճից հարավ՝ մոտ 40 կմ հեռավորությամբ։ Գյուղաքաղաքի երեք կողմերում վեր են խոյանում Շատախի լեռների  երեք լեռնագագաթները։ Ջրառատ գյուղաքաղաք է Շատախը, գեղատեսիլ համայնապատկերով։ 

Շատախի բնակչության թիվը մի քանի հազար մարդուց երբեք ավելին չի եղել։ Այն զուտ հայաբնակ գյուղաքաղաք էր և XIX դարի սկզբներին ուներ 3500-4000 բնակիչ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախորդած տարիներին 1200-1300 բնակիչ։ Բնակիչները զբաղվում էին առևտրով, արհեստներով ու տնայնագործությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ։ Շատախն առանձնապես հայտնի էր շալագործությամբ։ Շալի ամենաընտիր տեսակը գործում էին Շատախի՝ անգորական այծի բրդից։ Շատախն ուներ հայկական երկու եկեղեցի՝ ս. Ստեփանոս և ս. Կարապետ անուններով։ Եղել է գրչության կենտրոն։ Մեզ հայտնի են XV-XVII դարերում այստեղ գրված մի քանի ձեռագրեր գլխավորապես՝ ավետարաններ։

Միջին դարերում Շատախը իբրև գավառի կենտրոն ունեցել է իր բերդը, որը կիսավեր վիճակում հասել էր մինչև նոր ժամանակները։ Այն վերջնականապես ավերվել է 1850—1855 թթ. Օսման փաշայի զորքերի կողմից։ Շատախի հայ բնակչությունը եռանդուն մասնակցություն է ունեցել Վանի 1915-16 թթ. ինքնապաշտպանական կռիվներին և նրա մի մասը, այդ եղանակով փրկվելով թուրքական յաթաղանից, գաղթել ու վերաբնակություն է հաստատել Արևելյան Հայաստանի տարածքում։