Վահան Թեքեյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սովորել է Կ.Պոլսի Ներսեսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարաններում: 

Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործությունները։ Նա ցեղասպանությունից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։

1905թ. Ալեքսանդրիայում հիմնադրել է «Շիրակ» հանդեսը: 1908թ. այն փոխադրել է Կ.Պոլիս, հրատարակել որպես շաբաթաթերթ: Եղել է «Արև», «Ժողովուրդի ձայն» և այլ պարբերականների խմբագիրը: Առաջին աշխարհամարտից հետո մասնակցել է որբահավաքման գործին, իբրև ուսուցիչ աշխատել Կ.Պոլսի, Կիպրոսի և այլ վայրերի հայ ազգային վարժարաններում: Գրական ասպարեզ է մտել 19-րդ դարի 90-ական թվականներին: Նա արևմտահայ դասական բանաստեղծության վերջին և սփյուռքահայ բանաստեղծության առաջին խոշոր դեմքն է: Առաջին ստեղծագործությունը («Կաղանդը Կեսարիո մեջ») տպագրվել է 1894թ., Կ.Պոլսի «Հայրենիք» թերթում: 

Նրա «Կես գիշերեն մինչև արշալույս» (1918թ.) գրքում արտահայտված են Հայոց ցեղասպանության (1915թ.) սարսափները, բնաջնջվող ժողովրդի տառապանքի հոգեբանությունը: 

Գրել է հրապարակախոսական և գրական բազմազան հոդվածներ: Մահացել է Կահիրեում: 1947թ. Բեյրութում նրա անունով ստեղծվել է «Թեքեյան» մշակութային միությունը, որն աշխարհի բազմաթիվ հայկական գաղթօջախներում ունի մասնաճյուղեր: