Արևմտյան Հայաստանի Հազրու բնակավայրը կոչվում է նաև Հազրո, Խազրո։ Ոմանք նույնացնում են հին Արզնի գավառի հետ, իսկ ոմանք վերջինիս  գտնվելու վայրը համարում են անհայտ։

Հազրուն հիշատակվում է իբրև գյուղ, ավան և քաղաք։ Գտնվում է Տիգրանակերտ քաղաքից մոտ 53 կմ հյուսիսարևելք։ Վարչականորեն մտնում է Տիգրանակերտ նահանգի մեջ։ 

Հազրուն միջին դարերում զուտ հայաբնակ բնակավայր էր։ Նոր ժամանակներում այստեղ հայերի հետ միասին բնակվում էին նաև քրդեր։ Երբեք բազմամարդ ու բարգավաճ քաղաք չի եղել։ Այդ է պատճառը, որ հաճախ համարվում է նաև ավան և գյուղ։ 1880-ական թվականներին քաղաքում կար 180 հայկական տուն, 1894-ին՝ ընդամենը 800 տուն, որից հայկական էին 320 տուն, իսկ մնացածը` քրդական էին: 1895 թվականի կոտորածից ու բռնի մահմեդականացումից հետո քաղաքում հայ բնակչության թիվը բավական նվազել էր։ Այստեղ 1913 թվականին կար 200 հայկական տուն, որոնք ենթարկվեցին 1915 թ. ցեղասպանությանը։ Նրանց մի մասը բնաջնջվեց թուրքերի կողմից, իսկ մյուս մասը տեղահանվեց։ 

Հազրուի հուշարձաններից նշելի են հայկական երկու եկեղեցիները, որոնք կառուցվել էին XIII դարում, մեկը՝ 1266 թվականին, իսկ մյուսը՝ 1268-ին: Որոշ աղբյուրների համաձայն, առաջին համաշխարհային պատերազմից հետո վերածվել էին ավերակների։ Հայերն ունեին մի վարժարան, որ գործում էր եկեղեցիներից մեկին կից։