Ներկա ժամանակներում մարդու կողմից որոշված կենսակերպը և դրա արդյունքները ինդեքսավորում են քաղաքակրթության  մեծ ախորժակը, և գուցե դա է պատճառը, որ մարդն ի վիճակի չէ տիեզերական մտքին ներդաշնակ աշխարհիկ կյանք վարել։

Ինչպե՞ս է 4,5 միլիոն տարվա ընթացքում 14 հազար տարի գոյություն ունեցող և վերջին հինգ հազար տարին գրի առնված Մարդկային կյանքը հասել կամավոր ստրկության։ Անշուշտ, այս հարցի պատասխանը տխուր է, քանի որ մարդկության պատմությունը ինչ-որ առումով պատերազմների և ավերածությունների պատմություն է։

Այս հոդվածի թեման պատմության մեջ մեծ արհավիրքներ ապրած հայերի մասին է։ Ավելի ճիշտ, խոսքը գնում է պատմական իրադարձությունների ժամանակ նրանց հարևան դերսիմցիների վերաբերմունքի մասին։ Ի՞նչ են արել նրանց հարևան դերսիմցիները, երբ  հայերին ենթարկում էին մասսայական սպանության:  Որո՞նք էին նրանց պարտականությունները՝ որպես հասարակություն: Արդյո՞ք նրանց համար կարևոր էին իրենց հարևանների ունեցվածքը, կյանքը: Արդյո՞ք նրանք մեղքի իրենց բաժինն ունեին: Թե՞ փակել են ականջներն ու մնացել անտարբեր:

Մի խոսքով, ի՞նչ են ապրել վերին Եփրատի հայերը Դերսիմում, որտեղ 1915 թվականին մնացել են 16 ամիս։

Սույն հոդվածի թեման ուղղակիորեն հիմնված է հասցեատերերի գրավոր և բանավոր հայտարարությունների վրա։ Նպատակը՝ 1915-ին Դերսիմ գաղթած և այնտեղ 16 ամիս գոյատևած հայ գրողների հայտարարությունների հիման վրա առաջնահերթություն տալ հալածվածների խոսքին։ Ինչպե՞ս են նրանք հասել Դերսիմ։ Ի՞նչ տեսան այնտեղ։ Ինչպե՞ս են նրանց վերաբերվել։ Ի՞նչ պատահեց նրանց հետ և ինչպե՞ս ավելի ուշ գրեցին Դերսիմում իրենց փորձությունների մասին: Այս հարցերի մեծ մասին բավականաչափ փաստագրական տեղեկատվությամբ պատասխանում է Հովսեփ Հայրենիի «Վերին Եփրատի հայերը/1915 և Դերսիմ» գիրքը, որը  ծավալուն աշխատություն է: Իրենց պատասխաններն ունեն նաև այն հայ գրողները, ովքեր անձամբ են վերապրել իրադարձությունները։ Ահա դրանցից մի քանիսը.

«Դերսիմը աղքատ է, քչով բավարարվող, գոհացող, բայց ըմբոստ ու հպարտ է… Այս քրդական աշիրեթները 16 ամիս մեզ հետ կիսեցին մի կտոր հաց ու թան …

Իրենց լեռնային ու սակավահող շրջաններում նրանք  ջանասիրաբար աշխատում էին։ Նրանք անկախ ու ազատ լինելու գինը վճարում էին մեծ զրկանքներով… (…)

Չնայած կառավարության սպառնալիքներին ու վերջնագրերին, նրանք չհանձնեցին իրենց մոտ ապաստանած Խարբերդի, Բալուի, Չարսանջակլըի, Չմշկածագի, Էղինլիի, Արմըդանլըի հայերին։ Չնչին բացառություններից զատ, փախստականների համար կյանքը տանելի դարձավ, թեկուզ  և կիսաքաղց: Երբ մեր կոշիկները անպիտան դարձան, սատկած էշի կաշվից սանդալներ կարեցինք, երբ շոր չունեինք հագնելու, քրդական հագուստ էինք կրում, օճառի բացակայության դեպքում շատերը որովայնային տիֆով հիվանդացան, բայց մի բաժակ Դերսիմի կաթը բավական էր բուժվելու համար»:

(Դերսիմը՝ փախստական հայերի ապաստան։ Շավարշ Վեցմանդյանի գրավոր վկայություն, V բաժին  էջ 608։ 1971թ./Բեյրութ։)

1915 թվականին Դերսիմը, ինչպես գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը, գտնվում էր տնտեսական մեծ դեպրեսիայի մեջ։ Բայց ինքը՝ Դերսիմը, բաղկացած էր անկախ ցեղերից և ընտանիքներից, և սեփական գյուղատնտեսությունն ու անասնաբուծությունը բավարարում էին նրանց կարիքները: Այս անկախ ընտանիքներն ու ցեղերը կայսրության սահմաններում փոքրամասնություն էին։ Նրանք տնօրինում էին իրենց կյանքը՝ հիմնվելով սեփական փորձի, համոզմունքների  և ավանդույթների   վրա: Բայց կայսերական պետությունը, որին նրանք պատկանում էին, դարասկզբին գտնվում էր փլուզման փուլում։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, օսմանյան կառավարությունն անցավ մի ռազմական դրության ձևի, որը  ենթադրում էր պատերազմի հատուկ  օրենքներ: Յոթ առանձին ճակատներում մղվող պատերազմները մատնվում էին պարտության։ Արևելյան ճակատում ռուսական ցարական բանակը 1914 թվականի նոյեմբերի 1-ին մտավ Կարին և III. Բանակի հրամանատար Իզզեթ փաշան հուսահատորեն փորձում էր կասեցնել ռուսական ռազմական առաջխաղացումը, բայց Եփրատի վերին ավազանում իրական մեծ փլուզումն ավարտվեց 1915 թվականի հունվարին՝ Սարիղամիշի աղետով։

Թեև օսմանյան բանակում տիրող այս իրավիճակը տարածաշրջանում բացասաբար ազդեց նրա հեղինակության վրա և մասնակի հանգստություն բերեց  Դերսիմի ցեղերին, այնուհանդերձ վերին Եփրատի բոլոր բնակիչների համար սկսվեց գոյապահպանության շրջան։ Հայերի համար սկսեցինի երևան գալ սարսափելի նշաններ: Հստակ չհայտարարելով տեղահանության մտադրությունը,   նախապես հայ համայնքի ղեկավարներին, մտավորականներին և արական սեռի ներկայացուցիչներին նենգ մեթոդներով ծուղակը գցեցին:

Ահա Հովսեփ Հայրենիի՝ Վերին Եփրատի հայերը աշխատությունից հատվածներ. «Դերսիմի բարեկամ քրդերն այն ժամանակ մեր ականջին շշնջում էին… Քիրվաներ արթնացեք: Հավաքեք ձեզ: Հայերի դիակները լողում են գետերում, ձեր դեմ սարսափելի թակարդ են լարում: Վերցրեք ձեր թանկարժեք իրերը և ապաստանեք մեզ մոտ (…)

Մենք չկարողացանք հասկանալ այս անկեղծ կոչերի իրական իմաստը։ Քանի որ  դրանք ընկալեցինք որպես քրդերի ախորժակ՝ մեզ թալանելու համար…»:

1915-ին շատ հայեր ապաստանեցին Դերսիմում և դրան նպաստեց Դերսիմի հեղինակավոր անհատների համաձայնությունը։ Այդ օրերին տարբեր վայրերում հայերին անհատական ​​միջոցներով պաշտպանելու օրինակները շատ են։ Հայ ժողովուրդը իր ծանոթների կամ սեփական միջոցներով ապաստան գտավ Դերսիմի ցեղերի մեջ, իսկ հետո՝ 1916 թվականի հուլիսին, երբ Երզնկան անցավ ռուսների վերահսկողության տակ, խմբերով անցան Երզնկա։ Այնտեղից նրանց հաջողվեց գնալ Էրզրում եւ դրանից այնկողմ։

Ըստ հայ գրողների, հետազոտողների և գիտնականների՝ Դերսիմի շնորհիվ այս աղետից փրկվածների թիվը առանց չափազանցության գնահատվում է 25-ից 40 հազար։ Առաջին 16 ամիսների համար 10-15 հազարը կարծես թե ավելի ճշգրիտ թիվ է։

Բրիտանական հետախուզության աշխատակից մայոր Վ. Չարլզ Նոելը, ով շրջել է տարածաշրջանով 1919 թվականին և հանդիպել ցեղերի առաջնորդների հետ, Դերսիմում փրկվածների վերաբերյալ իր երկրին հայտնել է 25 հազար թիվը։ Նոելի գրավոր հայտարարությունը թեմայի վերաբերյալ հետևյալն է. «Հայ աքսորյալներին տրված օգնության մանրամասներին ես ծանոթացա նաև Ալբստան-Սինեմիլի ցեղի ղեկավար Թափու Աղայից։ 1915-ին Պազարճըքի շրջանի նահանգապետը լիբանանցի էր, ով դրական էր վերաբերվում քրդերին։ Նահանգապետը աջակցել է քուրդ/ալեւիներին, որոնք օգնում են իրենց շրջանով անցնող հայերին: Քրդերը նրանց ապաստան են տվել։ Թափու աղան նշեց, որ այս իրավիճակի պատճառով անվերջ խնդիրներ են եղել իրենց և թուրքերի միջև»։ 

Ներքին քաղաքականություն և քողարկում

Հայերի դեմ ծավալվեց մեծ պատերազմ, մի մեծ աշխարհագրություն ամայացավ։ Այսքան մեծ աղետ ապրած հայ համայնքը կարող էր քողարկվել՝ կրելով լեզվի, հավատքի և ազգային պատկանելության այլ հավատալիքների ու մշակույթների դիմակ: Սա հասկանալի է։ Սակայն տեղին չի լինի ասել, որ նրանք ալեվիացվել են բռնի կամ խաբեության միջոցով։ Ալևիացվե՞լ… այստեղ կա «ստիպված» լինելու իրավիճակը: Մեր թեման 1915 թվականից հետո ստիպված լինելու արդյունքում ինքնության և հավատքի փոփոխությունն է: Այս ստիպված լինելու իրողությունն ավելի հստակ ենք տեսնում Դեր Սիմոնի առասպելում. «Ասում են, հին ժամանակներում Հայերը կրկին մեծ հարձակման են ենթարկվել։ Նրանք գնում են իմաստուն քահանայի՝ Դեր Սիմոնի մոտ, որպեսզի որոշեն իրենց անելիքը։ Դեր Սիմոնը թագավորությունից դուրս էր գտնվում։ Նա լսում է այդ մասին և ճանապարհ ընկնում նրանց մոտ։ Ապահովության համար նա իր ուղեկիցների հետ փոխում է հագուստը։ Հետո գլխներին կանաչ փաթթոց են կապում՝ որպես քուրդ/ալևի հոգևորական։ Անվտանգ տարածք հասնելուց հետո Դեր Սիմոնը ժողովի է կանչում հոգևորականներին և գյուղերի առաջավորներին։ Ժողովի ժամանակ՝ առկա վտանգներից խուսափելու համար նա առաջարկում է փոխել հավատքը։ (Իրականում նա չի առաջարկել կրոնափոխ լինել, հավանաբար առաջարկել է իր տարբերակը՝  գոյատևելու համար կերպարանափոխվել): Սակայն նրա առաջարկած կրոնը ոչ թե թուրքերի, այլ իր հարևանների՝ քուրդ/ալևիների կրոնն էր: Ժողովի մասնակիցները միաձայն հավանություն են տալիս Դեր Սիմոնի առաջարկին»։(Դեր սիմոնի Լեգենդը -Դերսիմի հայկական ազգագրությունը/Հայաստանի Գիտությունների Ակադեմիա. Հրատարակություն Թիվ 249-250/թարգմանիչ՝ Հովսեփ Հայրենի):

Եզրակացություն

Բոլորին հայտնի և ընդունված իրողություն է, որ հայերը Դերսիմում հնագույն ժամանակներից ապրող բնիկ ժողովուրդ են։ Դերսիմը հայերի համար դեռ մնում է որպես հայրենիք, որտեղ նրանք կարող են շարունակել ապրել։ Բանավոր պատմության նախագծերի շրջանակներում  վկաներից լսված պատմությունները ցույց տվեցին,թե ինչ մակարդակի վրա են գտնվում փոխադարձ բարի կամքի և բարիդրացիական հարաբերությունները։ Դերսիմցի Մերխոլու Ագոփ Դեմիրի խոսքով՝ «Դերսիմցիներն ասում էին, որ հայերի գնալուց հետո այս հողերի բերրիությունն էլ վերացավ»…

Ջիհան Շան

Դերսիմ շաբաթաթերթ