Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքը գտնվում է Հալիս գետի վերին հոսանքի աջ կողմում, ընդարձակ դաշտում, Մայրագոմ կոչված լեռակ փեշերին։ Կլիման ցամաքային է` խիստ ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով։ Հողերը բերրի են, հին ժամանակներից ի վեր համարվել են հացի շտեմարան, բայց անտառներ չունի։ Շրջակայքում կան հանքային ջրեր, մարմարի և գիպսի հանքավայրեր։Սեբաստիայի մասին տեղեկություններ են հաղորդում հունա-հռոմեական, հայկական, բյուզանդական, վրացական, արաբական, թուրքական տասնյակ պատմագիրներ, ժամանակագիրներ և գրիչներ։

Սեբաստիան հիմնադրվել է մ. թ. ա. II դարում։ Քաղաք հռչակվելուց հետո այն գրեթե միշտ եղել է տարբեր կարգի վարչական կենտրոն։ XI դարի 20-ական թվականներից Սեբաստիան դարձել էր Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմի աթոռանիստը։ Նույն դարի կեսերին մի քանի տարի Սեբաստիան համարվում էր նաև Հայոց կաթողիկոսի նստավայրը։ Իսկ թուրքական տիրապետության շրջանում Սեբաստիա-Սվազը համանուն նահանգի, գավառի և գավառակի կենտրոնն է։

Սեբաստիան հիմնականում հայաբնակ էր։ Այն XVI դարում առանձնապես կարևոր դեր էր խաղում հայ ազատագրական շարժման մեջ։ 

Ցեղասպանության նախօրյակին քաղաքն ուներ մոտ 60000 բնակիչ, որի մոտավորապես կեսը կազմում էին հայերը: Նրա հայ բնակչությունը թուրքերի կողմից առաջին անգամ զանգվածորեն ջարդվել է 1895-ին։ Քաղաքի հայ բնակչությունը ավելի ահռելի արհավիրքի է ենթարկվել 1915 թ. մեծ եղեռնի ժամանակ, թուրքական յաթաղանից մի կերպ փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ և Սեբաստիան փաստորեն հայաթափ է եղել 1915-1916 թվականների ընթացքում։

Leave a Reply