Արևմտյան Հայաստանի Ճապաղջուր բնակավայրը հայտնի է նաև այլ տարբերակներով՝ Ճարալջուր, Ճապաղ և այլն։ Հնում կոչվում էր Կթառիճ։ Այժմ թուրքերը վերանվանել են Բինգյոլ։ Ճապաղջուր է կոչվել գետակների բազում ճյուղերի առկայության պատճառով։

Ճապաղջուրը, Արևմտյան Հայաստանի հարյուրավոր այլ բնակավայրերի նման, տարբեր ժամանակներում համարվել է տարբեր` գյուղ, ավան, ամրոց կամ բերդաքաղաք։ Գտնվում է Արածանիի հովտում, Բալու գյուղաքաղաքից արևելք։ 

XI դարում հիշատակվում է իբրև եպիսկոպոսանիստ ավան և մտնում էր Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության մեջ։ Թուրքական տիրապետության շրջանում համանուն գավառակի կենտրոնն էր, որը մինչև 1829 թվականը մտնում էր Դիարբեքիրի նահանգի, դրանից հետո՝ Բաղեշ-Բիթլիսի նահանգի մեջ։ Իսկ այժմ կոչվում է Բինգոլ և համարվում նույնանուն նահանգի կենտրոնը։

Ճապաղջրի մասին մեզ հասած պատմական տեղեկությունները սակավ են:  XIII դ. 40-ական թվականներին այն գրավում են մոնղոլները, իսկ XVI դարի սկզբներին՝ օսմանյան թուրքերը։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը և հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, Ճապաղջրի բնակչության մեծ մասը կազմում էին հայերը, որոնք հիմնականում զբաղվում էին արհեստներով ու առևտրով։ Նրանք ունեին վարժարան և եկեղեցի։