Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի համայնքը կանգնել է մի շարք խնդիրների առջև։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հացիի համայնքապետ Սանթուր Սարգսյանը։ «Խանութներում ապրանքատեսակներ չկան, բենզինի և դիզելային վառելիքի լուրջ խնդիր ունենք, վերջին օրերին էլ զրկվել ենք բնական գազից, ինչի հետևանքով գրեթե անհնարին է դարձել փոխադրամիջոցներից օգտվելը։ Այս ամենին զուգահեռ` թշնամին կրակ է բացում աշնանացանի աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ։ Այդ ցավալի փաստով պայմանավորված` այս պահին ամբողջ համայնքի տարածքում դադարեցված են գյուղատնտեսական աշխատանքները»,-մանրամասնել է Ս. Սարգսյանը։
Նրա իրազեկմամբ` կանաչեղենի պահանջարկը որոշակիորեն բավարարում են գյուղում ժամանակին տեղադրված ջերմոցները։ Դա նաև մի քանի ընտանիքների համար եկամտի աղբյուր է։ Բայց դրանով հումանիտար ճգնաժամը հաղթահարելը դժվար է։
Համայնքապետը հավաստում է` չնայած Արցախում ստեղծված ծանր իրավիճակին` հայրենի հողում խաղաղ ապրելն ու արարելը բնակիչների նպատակն ու ցանկությունն է։
«Բոլորիս ավելի շատ անհանգստացնում է մեր երկրի անվտանգությունը և մեր հարցի վերջնական կարգավորումը»,-հավելել է Ս. Սարգսյանը։
Արևմտյան Հայաստանը իր զորակցությունն է հայտնում բռնազավթիչ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված Արցախի բնիկներին։ Այժմ հսկայածավալ աշխատանքներ են տարվում ապաշրջափակման համար, հույս հայտնելով, որ շուտով Արցախը Գորիսի տարածաշրջանին կապող ճանապարհը կբացվի։