Մոսկվայի դատարանում տեղի է ունեցել «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցերով հայցադիմումի հերթական նիստը: Սա մեկ տարի առաջ սկսված դատի երկրորդ փուլն է։ Հայցադիմումը պատրաստել է ռուսաստանցի հայ փաստաբան, հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը։ Կիրակոսյանը նշեց, որ արդեն հարյուր տարուց ավելի հենց այդ պայմանագրերն են Հարավային Կովկասի տարածաշրջանում սահմանների ընթացիկ կոնֆիգուրացիայի իրավական հիմքը: Մնացած փաստաթղթերը, որ հետո են ստորագրվել, միայն հաստատել են այն իրավական գործոնը, որոնք այդ պայմանագրերով սահմանվել են: 

«Խորհրդային Միությունը ժամանակ առ ժամանակ Թուրքիայի Հանրապետության հետ ստորագրել է արձանագրություններ, որոնք հաստատել են ընթացիկ սահմանները, բայց 1991-ից ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ: Հետևաբար, Թուրքիայի հետ սահմաններ չկան: 

Այսինքն՝ չի կարելի ասել, որ կա պայմանագիր, որը կարգավորում է այս երկու պետությունների հարաբերությունները: Ավելին՝ դադարել են գոյություն ունենալ նաև այդ պայմանագիրը ստորագրող կողմերը, այսօր չկա ոչ Հայկական ԽՍՀ-ն, ոչ վրացական ԽՍՀ-ն, ոչ էլ ադրբեջանական ԽՍՀ-ն: Նաև չկա Թուրքիայի Բարձր ժողովը, ոչ էլ կա ԽՍՀՄ-ը: Այսինքն՝ ոչ մի սուբյեկտ չկա, որոնք ստորագրել են այդ պայմանագրերը»,-ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հորինվածք են։

Փաստաբանը նշեց, որ սա էլ գլխավոր պատճառն է, թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանը շտապում սահմանազատման աշխատանքներ իրականացնել։ Տարածաշրջանի սահմանների իրավական լուծումը, Կիրակոսյանի խոսքով, առաջարկում է միայն Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, բայց նույնիսկ Հայաստանն այս վճռին չի անդրադառնում, մինչդեռ հենց այս վճռով են որոշվում սահմանները։ «Դատական որոշումը դեռ չկա, գրավոր կներկայացնեն, հետո պարզ կլինի անելիքը»,-ասաց նա։

Leave a Reply