Արևմտյան Հայաստանի Կարաքիլիսե բնակավայրը գտնվում է Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Ալաշկերտի բարեբեր դաշտում։ Արածանիից բացի, այստեղով են հոսում նաև նրա բազմաթիվ վտակները։ Գյուղաքաղաքի շրջակայքի հողերը արգավանդ են և ջրարբի։

Թուրքերն այժմ կոչում են Կարաքյոսե։ Սովորաբար համարվել է գյուղ, ավան, քաղաք։

XIX դարի առաջին կեսում Կարաքիլիսեում հայերը կազմում էին գյուղաքաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունը։ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից առաջ այստեղ կար 200 տուն հայ բնակիչ, որից 120 տունը պատերազմի ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան, իսկ 80 ընտանիք մնացել էր տեղում։ Հետագայում հայ բնակչության թիվը բավական ավելանում է։

Աբդուլ Համիդի օրոք, 1895-96թթ. հայկական ջարդերից հետո, Կարաքիլիսեում հաստատում են բավական բազմամարդ կայազոր:   Քաղաքի բնակչության հայկական միատարրությունը վերացնելու նպատակով թուրքական իշխանություններն այստեղ բնակեցնում են թուրքական և քրդական 100 ընտանիք։

Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ գյուղաքաղաքների նման Կարաքիլիսեի բնակչության զբաղմունքը արհեստները, առևտուրը և երկրագործությունն էին, իսկ անասնապահությունն ընդհանրապես գտնվում էր թուրքերի և քրդերի ձեռքին։

Կարաքիլիսեի ս. Աստվածածին եկեղեցուն կից XIX դարից գործում էր Հայկազյան վարժարան, որի աշակերտների թիվը 1872-73թթ. հասնում էր միայն 20–ի, իսկ դարեվերջին՝ 35-40–ի։

Թուրքերի կազմակերպած ցեղասպանությունը ճակատագրական եղավ նաև Կարաքիլիսեի հայության համար։ Նրանց մի մասը ոչնչացվեց 1915թ. եղեռնի հետևանքով, իսկ մյուս՝ ավելի փոքր մասը, տեղահանվեց զանազան կողմեր։

Leave a Reply