Արևմտյան Հայաստանի Մամախաթուն բնակավայրը Դերջանի գավառակի կենտրոնն է, որ մտնում է Կարինի նահանգի Կարին գավառի մեջ: Սկզբնաղբյուրներում Մամախաթունը երբեմն համարվել է գյուղ, երբեմն՝ ավան: Ըստ էության, նա ավելի շուտ մեծ գյուղ էր։ Գտնվում է Արևմտյան Եփրատ գետի ձախակողմյան վտակ Դերջան գետի վրա՝ Կարին-Երզնկա ճանապարհին։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1416 մ է, գրեթե բոլոր կողմերից պաշտպանված է լեռներով։

Արևմտյան Հայաստանի հետ միասին Մամախաթունը ևս թուրքական տիրապետության տակ է անցել XVI դարում։ Ռուսական զորքի կողմից երկու անգամ այն ազատագրվել է թուրքական լծից, մեկը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, բայց Բեռլինի 1878թ. պայմանագրով նորից էր անցել Թուրքիային, մեկ էլ կարճ ժամանակով 1916 թվականին, երբ այստեղ այլևս գրեթե ոչ մի հայ չկար, 1915թ. եղեռնի ժամանակ բոլորը տեղահան էին արվել: Հետագա երկու տարում տեղահանված հայերից 20 ընտանիք՝ 124 բնակիչներով նորից էին վերադաձել իրենց հայրենի բնակավայրը։

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։ Քաղաքի շրջակայքում փռված է համանուն  դաշտը, որը համարվում է Հայկական լեռնաշխարհի արգավանդ հարթավայրերից մեկը։

Մամախաթունի հայերն ունեին իրենց եկեղեցին, որը մինչև առաջին համաշխարհային պատերազմը կանգուն էր և գործում էր։ XIX դարում և ХХ-ի սկզբներին Մամախաթունում կար հայկական մեկ դպրոց՝ մի քանի տասնյակ աշակերտներով և 2-3 ուսուցիչներով։

Leave a Reply