«Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» եռալեզու կատալոգում ընդգրկված են շուրջ իննսուն գրքային նկարազարդումներ, անվանի գրողների գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կատալոգի լույս ընծայման համար հիմք է ծառայել «Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» համանուն ցուցահանդեսը, որն ամիսներ առաջ է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսում ներկայացվում է Սարյանի թողած մատենանկարչության հարուստ ժառանգությունը: Ցուցահանդեսն սկսվում է հայ դասականներ Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի գրական երկերի նկարազարդումներով և ամփոփվում է համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից»՝ «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումներով։