Խլաթը Արևմտյան Հայաստանի հնագույն բնակավայրերից է և դժվար է ասել, թե այն երբ է հիմնադրվել։ Սկզբում հիշատակվում է որպես ավան, իսկ հետագայում վերածվում է խոշոր քաղաքի, որ ուներ իր ամուր բերդը և համարվում էր Վանա լճի ամենամեծ նավահանգիստը։ Խլաթը գտնվում է լճի արևմտյան ափին, բարձրադիր հարթավայրում։ Հարավում քաղաքից երևում է Վանա լճի համայնապատկերը, իսկ հարավ-արևմուտքում և հյուսիս-արևմուտքում  Նեմրութ և Սիփան լեռներն են։

Հայկական մատենագրության մեջ հնում երբեմն կոչվել է Բզնունյաց քաղաք, թուրքերը սովորաբար կոչում են Ահլաթ։

X-ХIդդ. համեմատաբար կարճ ժամանակամիջոցում Խլաթը դառնում է երկրի խոշոր ու մարդաշատ քաղաքներից մեկը։ Խլաթի զարգացմանը նպաստում էր նավահանգիստ լինելը։ XI դարի առաջին կեսին այն դարձել էր արհեստագործության ու առևտրի խոշոր կենտրոն, մի քանի տասնյակ հազար բնակչություն ունեցող քաղաք։ 

Խլաթը թուրք պարսկական XVI-XVII դարերի երկարատև պատերազմների կռվախնձորներից մեկն էր։ Առանձնապես ծանր հետևանքներ են ունեցել XVI դարի 40-ական թվականներին իրանական շահ Թահմազի և թուրքական սուլթան Սուլեյման 1-ինի կռիվները։

1850 թվականին Խլաթն ուներ 5 հազար բնակիչ, որից 4000-ը՝ հայեր։ Խլաթի բնակիչների զբաղմունքները կազմում էին երկրագործությունը, այգեգործությունը, ձկնորսությունը, առևտուրը, արհեստագործությունը և մասամբ աղի հանույթը։

Պատմական Խլաթի հուշարձաններից պահպանվել են քաղաքի մոտակայքի ժայռերում փորված քարանձավները, ծովեզերքին գտնվող պաշտպանական պարսպի մի քանի աշտարակներ, զանազան շենքերի ավերակներ։