Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն ուսումնասիրություն-պատկերագիրքը։ Հրատարակությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2022 թ․-ին անգլերեն լեզվով։
Գիրքը նվիրված է Հայաստանի երկու հարակից նահանգների պատմությանն ու ձեռագրական ժառանգությանը:
Հատորի սկզբում աղբյուրագիտական հարուստ տվյալներով ներկայացվում է Արցախ-Ուտիքի համառոտ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դար:
Երկրորդ գլխում ներկայացվում է Արցախի և Ուտիքի գրչության կենտրոնների պատմությունը, 13-18-րդ դդ. գրչատներում ստեղծված ձեռագիր մատյանները, որոնց մի զգալի մասը պահվում է Մատենադարանում, մի մասն էլ ցրված է աշխարհի տարբեր թանգարաններում և ձեռագրատներում:
Գրքի երրորդ մասը նվիրված է Արցախի մանրանկարչական արվեստին ու զարդանկարչությանը, որն ամբողջական պատկերացում է տալիս Արցախի-Ուտիքի մանրանկարչական դպրոցի և այնտեղ ձևավորված ձեռագրական ավանդույթների մասին:
Պատկերազարդ ձեռագրերի 100-ից ավելի նկարներ և գիտահանրամատչելի նյութեր ամփոփող հատորը միտված է հանրահռչակելու միջնադարյան Արցախի և Ուտիքի հարուստ բայց շատերին անծանոթ գրավոր ժառանգությունը: