Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքը տնտեսական, մշակութային և վարչաքաղաքական առումով զգալի դեր է խաղացել մեր ժողովրդի կյանքում։

Մալաթիան, որ օտար աղբյուրներում ավելի հայտնի էր Մելիտինե անունով, գտնվում է Եփրատի աջ կողմում, գետից մոտ 10 կմ հեռավորության վրա, լեռներով շրջապատված հարթավայրում, ծովի մակերևույթից մոտ 940 մ բարձրության վրա։ Պատմական Մալաթիան ժամանակակից Մալաթիայից 7-8 կմ հարավ-արևմուտք էր գտնվում։ Այն այժմ շատ քիչ թվով բնակիչներ ունի, ավերված ու ամայի է, և թուրքերի կողմից ստացել է Էսկի-Շեհիր անունը։ Նոր և Հին Մալաթիաները բավական տուժել են 1893թ. տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժից։

Մալաթիայի զարգացմանը նպաստել են նրա աշխարհագրական հարմար դիրքն ու պատմական տարբեր ժամանակներում գրեթե միշտ վարչական կենտրոն լինելը։ 

Հնագույն շրջանում, գտնվելով Ուրարտուի և Ասորեստանի, հետագայում՝ Հռոմի ու Պարսկաստանի, ապա Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության սահմանագլխին, բազմիցս դարձել է ռազմական բախումների ոլորտ` ենթարկվելով ավերումների և զրկվելով խոշոր քաղաքի վերածվելու հնարավորությունից։ XV դ. վերջերին Մալաթիան ընկնում է օսմանյան թուրքերի տիրապետության տակ։

 Մալաթիայում հայերի զանգվածային կոտորածները տեղի են ունեցել 1895-ին։ Չնայած հայերը թուրքական ավազակաբարո զորքին ցույց են տվել հերոսական դիմադրություն, սակայն այդ հարձակման ժամանակ քաղաքում թուրքական յաթաղանին զոհ է գնացել մոտավորապես 7500 մարդ՝ մեծամասամբ կանայք, երեխաներ և ծերունիներ։ Նրա հայ բնակչությունն ավելի զանգվածային բնաջնջման է ենթարկվել երիտթուրքերի կողմից մեծ եղեռնի ժամանակ՝ 1915 թվականին։ Իսկ կենդանի մնացածները տեղահանվել են և տարագրվել զանազան կողմեր։