2018-ին հրատարակվեց Կարպիս Հարպոյանի «Հայ բժիշկների, ատամնաբույժների և դեղագործների ոդիսականը Հայերի ցեղասպանության ընթացքում» գիրքը, որտեղ անդրադարձ է կատարվել այն արհավիրքներին, որին ենթարկվեցին հայազգի բժիշկներն ու բուժաշխատողները: Գիրքն ստեղծվել է երկարատև ուսումնասիրությունների ու բազմաթիվ փաստերի հիման վրա:
1915-ին՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ, հայ բժիշկների մի մեծ խումբ մնաց հավատարիմ` բժշկական իր ասպարեզի բարոյախոսությանը և շարունակեց աշխատել իր միջավայրում: Եղեռնի առաջին օրերին հայ բժիշկները իրենց արյունակիցների հետ միասին ձերբակալվել են, բանտարկվել, տարագրվել և անմարդկային չարչարանքի ենթարկել թուրք ճիվաղային ձեռքերով՝ պարզապես հայ լինելու պատճառով: Երդմնադրուժ թուրք բժիշկներն իրենց արյունարբու ձեռքերով խողխողել են հայրենիքին նվիրված հայ բժիշկներին: Ուրիշ թուրք բժիշկներ հայ աղջիկներին անդամահատել են անմարդկային եւ հրեշավոր ձևով:
Թուրք բժիշկների այս դերակատարությունները բացահայտվել են 1918-1919-ի թուրքական զինվորական դատավարությունների ընթացում, որոնք տեղի են ունեցել Իթթիհատ կուսակցության հինգ ղեկավարների մասնակցությամբ: Նահատակված բժիշկներից և դեղագործներից բացի, եղել են նաև մեծ թվով հայ բժիշկներ, դեղագործներ եւ բուժաշխատողներ, որոնք տեղահանության եւ ցեղասպանության պատճառով կորցրել են իրենց հարազատներին, պապենական կալվածքներն ու տները, հարստությունը, և մազապուրծ փախչելով` ապաստան են գտել օտար երկրներում:
Արևմտյան Հայաստանը որպես պետություն պարտավորություն կրելով իր քաղաքացիների առաջ, դեռևս Շուշիում՝ Արևմտյան Հայաստանի ազգայի խորհրդի հիմնմամբ սկիզբ դրեց պահանջատիրությանն ու իրավունքների վերականգնմանը: Տարագիր հայությունը այսօր էլ պատրաստ է վերադառնալ իր բնօրրանը, սակայն այդ տարածքում պետք են անվտանգության երաշխիքներ, որոնք կարող է ապահովվել միայն Արևմտյան Հայաստանը: