Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս թիվը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն է ներկայացնում:
«Բացի Կարմիր խաչի ուշադրության կենտրոնում գտնվող 33 ռազմագերիներից, փաստերով հաստատված դեպքերը 80-ն են: Ցավոք, եղել է շուրջ 40 անձի դեպք, որ գերեվարվելուց հետո սպանվել կամ գնդակահարվել են: Դա վկայող ապացույցներ ունենք: Ինչ վերաբերում է վերոնշյալ 80 դեպքին, ապա անհայտ է վերջիններիս ճակատագիրը: Նրանք կարող են կենդանի լինել, բայց իրավական դաշտից դուրս բերվեն ու դառնան բռնի անհետացածներ կամ սպանվածներ, բայց Ադրբեջանը ո՛չ հաստատում է նրանց գերեվարումը, ո՛չ էլ վերադարձնում է դիերը՝ կատարած հանցագործությունները չինքնախոստովանելու համար»,-նշում է Սամվելյանը։
Արևմտյան Հայաստանը դիմում է միջազգային կառույցերին, որոնք զբաղվում են այս հարցով, հորդորելով մանրակրկիտ ուսումնասիրել գործով ձեռք բերված նյութերը, որոնք ապացուցում են գերիների ինքնությունը և նրանց անհապաղ վերադարձնել հայրենիք: