Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է: Հայկական գորգը տարբեր ժամանակներում և տարածաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ: Ուշագրավ է նաև գորգի մեկ այլ անվանումը՝ խալի կամ գալի, որը ծագում է Կալիկալա՝ Կարին քաղաքի արաբերեն անվանումից, քաղաք, որը հայտնի է եղել իր հարուստ գորգարվեստով: Հայկական գորգերը ներդաշնակ գունավորումներ են ունեցել շնորհիվ կարմիրի, սպիտակի, կապույտի, կանաչի, դեղինի և դրանց տարատեսակների: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը՝ որդան կարմիրից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևներից: Նռան կեղևից ստացել են սև գույնը: Միջնադարում հայկական գորգերի հռչակը մեծապես պայմանավորված էր որդան կարմիրից ստացված երանգներով, և դրա շնորհիվ արաբական խալիֆաթի դարաշրջանում հայկական գորգերն անվանում էին նաև «կարմիր գորգեր»:

Հայկական գորգերի առանձնահատկություններից էր նաև, որպես հումք օգտագործվող «բալբաս» տեսակի ոչխարի բուրդը, ինչպես նաև լայն տարածում ուներ անգորյան այծի բուրդը: Այն շրջաններում, որտեղ զարգացած էր բամբակի և մետաքսաթելի մշակումը, լայնորեն կիրառվում էր նաև բամբակ և մետաքսաթել: Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը դրանց զարդանախշերն են, քանի որ դրանցից և ոչ մեկը հենց այնպես հյուսված չէ, ամեն զարդանախշ ունի իր նշանակությունը և իմաստը: Հայկական գորգերը իրենց մեջ կրում են մեծ քանակությամբ ծիսական, պատկերային և գաղափարական զարդանախշեր: Այդ զարդանախշերը լայնորեն կիրառվել են նաև քանդակագործության, մանրանկարչության, ճարտարապետության, արծաթագործության մեջ:

Գորգագործության տարբեր տեակներ առավել տարածված էին Արևմտյան Հայաստանի գավառներում, իսկ ցեղասպանության տարիներին, երբ բնիկ հայեը ստիպված տարագրվեցին այլ երկրներ, իրենց հետ տարան մշակույթի այդ ճյուղը և շարունակեցին զագացնել այլ երկրների մշակույթը։