Երևանում կայացավ դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, 1000-ավոր հայ որբերին երկրորդ կյանք պարգևած Մարիա Յակոբսենի անունով անվանակոչված փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ 

«Մենք կարևորում ենք անձանց, ովքեր ամենածանր պահերին եղել են հայ ժողովրդի կողքին: Մարիա Յակոբսենը այն անձանցից է, ով Ցեղասպանության տարիներին փրկել և կրթել է հազարավոր հայ մանուկների,  և սա, կարծում եմ, այն փոքր հիշատակի հնարավորությունն է, որ քաղաքը կարող է և պարտավոր է տալ այդ մարդուն: Մենք պետք է հիշենք և մեր պատմության էջերում գրանցենք նման մարդկանց, որպեսզի մեր զավակներն ու թոռները նրանց ևս իմանան»,- նշեց Երևանի փոխքաղաքապետը։

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը, Մարիա Յակոբսենի ժառանգները, Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, «Մարիա Յակոբսեն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, մտավորականներ և այլ պաշտոնական անձինք: 

Արևմտյան Հայաստանը միանում է հարգանքի տուրք մատուցելու Մարիա Յակոբսենին, ով մեծ ներդրում է ունեցել Ցեղասպանության ժամանակ հայերի փրկության գործում։

Դա մարդասիրության տիպիկ օրինակ է, որը, անկախ ժամանակի մարտահրավերներից, անձնուրաց կերպով օգնում էր դժվարության մեջ գտնվող որբերին։