Արևմտյան Հայաստանի Ոստան բնակավայրը տարբեր ժամանակներում և տարբեր պատմագիրների կողմից հիշատակվում է իբրև բերդ, գյուղ, քաղաք։
Վաղագույն ժամանակներից ի վեր Վանա լճի ավազանը դարձել էր հասարակական կյանքի աշխույժ կենտրոն, Հայկական լեռնաշխարհի ամենախիտ բնակեցված երկրամասերից մեկը։ Միայն Վանա լճի ափերին առաջացել էին 10-ից ավելի քաղաքներ ու գյուղաքաղաքներ։ Դրանց թվում էր նաև Ոստանը։ Ոստան նշանակում է «արքունի կալված», «իշխանանիստ», «մայրաքաղաք»։ Պատմական Ոստան քաղաքը, որի ավերակների վայրը նոր ժամանակներում տեղացիները կոչում են Հերիշատ, գտնվում էր Վանա լճի հարավային ափի մոտ, լճափից մոտ 1 կմ հարավ, Աղթամար կղզու դիմաց։ Քաղաքը բոլոր կողմերից շրջապատված էր պտղատու այգիներով։ Ուներ անուշահամ աղբյուրներ և գեղեցիկ պարտեզներ։ IV—V դարերից Ոստանը Ռշտունյաց նախարարների աթոռանիստն էր։ Հետագայում, X դարի երկրորդ կեսում և XI դարի սկզբներին Ոստանը Աղթամար քաղաք-կղզու հետ միասին Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաքն էր, իսկ նոր ժամանակներում՝ Վանի նահանգի Գավաշի գավառի կենտրոնը։ Ոստանի բնակչության զբաղմունքները նոր ժամանակներում ևս նույնն էին։ Նրանք զբաղվում էին այգեգործությամբ, ձկնորսությամբ, արհեստներով ու մանրածախ առևտրով: Ոստանը միջնադարյան Հայաստանի գրչության հայտնի կենտրոններից է։
Մինչև առաջին համաշխարհային պատերազմը հիմնականում հայաբնակ էր և ուներ 35 հայկական գյուղեր, որոնց բնակիչները 1916 թ. նահանջող ռուսական զորքի հետ միասին գաղթել ու բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։