Արևմտյան Հայաստանում բազում ջերմուկներ կան, որոնցից ոմանց մոտ առաջացել են մեծ ու փոքր բնակավայրեր։ Արևմտյան Հայաստանի Ջերմուկ բնակավայրը գրականության մեջ հիշատակվում է Ջերմեկ, Ջերմիկ աղավաղված ձևերով։ Հնում կոչվում էր Աբառնե կամ Ամմիանոս։ Տարբեր ժամանակներում համարվել է գյուղ, ավան, քաղաք։ Գտնվում է Արևմտյան Հայաստանի հարավարևմտյան մասում, Տիգրանակերտ քաղաքից հյուսիս-արևմուտք։ Գյուղաքաղաքի միջով է անցնում Եփրատի ձախակողմյան մի փոքրիկ, ձկնառատ վտակ։ Կլիման մեղմ է։ Ունի բարեբեր հողեր, պտղատու շատ այգիներ։ Հատկապես հայտնի է տանձով, նռով և խաղողով։ Գյուղաքաղաքից 1-2 կմ հեռավորությամբ բխում են ծծմբային տաք աղբյուրներ՝ ջերմուկներ, որոնք խմելու համար պիտանի չեն, սակայն ունեն բուժիչ հատկություններ։ Դրանց մասին հիշատակություն ունի Մատթեոս Ուռհայեցին (XII դ.)։
Ջերմուկի մոտ, լեռան վրա գտնվում է համանուն բերդը, որը կառուցվել է հայերի ձեռքով տակավին IX դարում։ Այժմ էլ միջնադարյան այդ բերդը, որ թուրքերը աղավաղված ձևով կոչում են Ջերմիկ, կանգուն է։
Ջերմուկը XIX դարի սկզբներին ուներ մոտ 1000 տուն բնակիչ, իսկ 1872 — 73 թթ. շուրջ 350 տուն, որի մոտ կեսը կազմում էին հայերը: Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին նրա տների թիվը ավելի քան 400 էր։ Հայերն ունեին երկու վարժարան տղաների և աղջիկների։ XX դարի սկզբներին երկու վարժարանի աշակերտ-աշակերտուհիների թիվը հասնում էր ավելի քան 100-ի։
Ջերմուկի և համանուն գավառակի հայ բնակչությունը ևս Արևմտյան Հայաստանի մյուս շրջանների հայերի հետ միասին 1915 թվականին մասամբ ոչնչացվել և մասամբ էլ տեղահանվել է թուրքերի կողմից։