Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջնադարյան Հայաստանի հայտնի մեծահարուստներից էին Ավետենց Սահմադինը և Տիգրան Հոնենցը։ Ավետենց Սահմադինը 13-րդ դարի հայ մեծահարուստ էր։ Հիշատակվում է նաև որպես «Սէնոպ Սահմադին»։ Չունենալով ազնվատոհմիկ ծագում, բայց հարստանալով հարկերի կապալառությամբ, վաշխառությամբ, առևտրով և հողային տիրույթների գնմամբ, դարձել է «պարոն»։ Ծավալել է շինարարական գործունեություն, նորոգել և կառուցել է եկեղեցիներ, հյուրատներ, պալատներ։ Նշանավոր էր իր Մրենի Արքայություն կոչված ապարանքը՝ «դրախտ» կոչվող պարտեզով։ Արճեշի, Երևանի, Օշականի և այլ եկեղեցիների արձանագրություններում Սահմադինը հիշատակվում է որպես բարեգործ։

Անիում թողած 1261 թվականի արձանագրության համաձայն՝ նա  Շահնշահ Զաքարյանի որդի Արդաշիրից գնել է Անի քաղաքը։ Ըստ Մրենի վանքում թողած արձանագրության՝ 1284 թվականին գնել է Մրեն գյուղաքաղաքը։ Հետագայում՝ նաև Օշականն ու Արջոառիճը։ Ըստ Երևանի Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային պատին թողած արձանագրության՝ 1264 թ.-ին գնել է Երևանն իր «հողով և ջրով»:

Տիգրան Հոնենցը 13-րդ դարի հայ խոշոր մեծահարուստ էր։ Չունենալով ազնվատոհմ ծագում՝ հարստացել է հարկերի կապալառությամբ, վաշխառությամբ և առևտրով։

Զաքարիա և Շահնշահ Զաքարյանների օրոք Անիում վարել է բարձր պաշտոն (հավանաբար, հարկային վերակացու)։ Ձեռք է բերել խոշոր կալվածներ, գյուղեր, ձիթհաններ, ջրաղացներ և այլն։

1213 թվականին իր միջոցներով վերանորոգել է Անիի Մայր տաճարի աստիճանները, 1215 թվականին կառուցել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Նա այդ եկեղեցուն նվիրաբերել է գյուղեր, այգիներ, ձիթհաններ, ջրաղացներ, կրպակներ, ջրմուղ, բաղնիք։

Տիգրան Հոնենցի միջոցներով է կառուցվել նաև Ս․ Հռիփսիմե եկեղեցին։