ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Բերձորի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար:

ԱՄՆ Կոնգրեսում նման հայտարարությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը:

Կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի կողմից   Բերձորի միջանցքի արգելափակումը, որը 120 հազար արցախցիներին գրեթե երկու ամիս զրկել է կենսական անհրաժեշտության ապրանքներից:

«Ադրբեջանի նպատակը հստակ է՝ ստիպել Արցախի  բնիկ հայերին լքել իրենց հայրենիքը՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձնում ապրելը: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար: Ես շարունակում եմ վարչակազմին կոչ անել անհապաղ միջոցներ ձեռնարկել այս արգելափակմանը վերջ դնելու համար», — ասել է կոնգրեսականը:

Նա նաև շեշտել է, որ Վաշինգտոնը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին:

«Մենք պետք է դադարեցնենք ամբողջ ռազմական աջակցությունն Ադրբեջանին: ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ: Ես շարունակում եմ իմ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին», — եզրափակել է կոնգրեսական Քեթի Փորթերը:

Արևմտյան Հայաստանը ողջունում է կոնգրեսականի հայտարարությունը, նշելով որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միևնույն ժամանակ ՄԻՆՍԿԻ խմբի համանախագահ երկիր է, որը իր աջակցությունը պետք է ունենա խնդրի խաղաղ կարգավորման հարցում, իսկ ռազմամթերքի ամբողջական դադարեցումը պետք է օր առաջ սկսել։