Արևմտյան Հայաստանի Արծկե բնակավայրը գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին։ Նավահանգիստ էր և գտնվում էր դեպի Խլաթ ու Բաղեշ (Բիթլիս) տանող ճանապարհի վրա։
Արծկեն հիշատակվում է դեռևս ուրարտական արձանագրություններում` Զիուկանի անունով։ Այստեղ պահպանվել է ուրարտական Ռուսա II թագավորի սեպագիր արձանագրություններից մեկը։ Հայ մատենագրության մեջ հիշատակվում է V դարից: Որոշ պատմաբաններ այն հիշատակում են որպես գյուղ, ոմանք էլ կոչում են ավան կամ քաղաք։ Մինչև օտար տիրապետության տակ անցնելը, Արծկեն պատկանում էր մերթ Գնունիներին, մերթ էլ՝ Բզնունիներին և վարչականորեն մտնում էր Տուրուբերանի Բզնունիք գավառի մեջ: Արաբներն իրենց առաջին արշավանքների ժամանակ, VII դարի կեսերին, գրավում են Արծկեն և այն կոչում Դար ալ Ջավազ, որից էլ ծագել է նրա այժմյան՝ Ադիլջևազ անունը։ XI դարի սկզբներին քաղաքն անցնում է Բյուզանդիայի տիրապետության տակ, 1054 թվականին գրավում են սելջուկ թուրքերը։
Հին Արծկեն Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ է եղել X-XII դարերի ընթացքում։ Այն ամուր բերդաքաղաք էր և երկար ժամանակ իր գոյությունը պահպանում էր կղզու վերածված մի փոքրիկ ցամաքամասի վրա։ Ունեցել է երկու ամրոց։ Lիովին ամայացել է XVII-XIX դարերում։ Հին Արծկեի փոխարեն, լճափի ավելի բարձրադիր մասում ժամանակի ընթացքում կառուցում են նոր Արծկեն, որը XVII-XVIII դարերում Վանի նահանգի Ալջավազ գավառի կենտրոնն էր։ XIX դարի երկրորդ կեսում ուներ 140 գյուղ 30000 բնակիչներով, որից 25000-ը հայեր, 30 եկեղեցի, 10–ից ավելի տարրական կրթարաններ։
1915 թվականին Արծկեի հայ բնակչության մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տեղահանվեց ու տարագրվեց զանազան տեղեր։ Արծկեն ուներ երկու եկեղեցի՝ ս. Աստվածածին և ս. Սարգիս։