Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ կից գրառմամբ․ «Արցախի խաչքարային պատկերաքանդակը եզակի դրսևորում է հայ խաչքարային մշակույթում։ Այն ներկայացնում է մահկանացուներին, նրանց հիմնական զբաղմունքը, ակնկալիքները, անմահության մասին ժողովրդական պատկերացումները։ Բազմաթիվ կերպարների և թեմաների մեջ առանձնակի կարևորություն ունի ռազմիկի կերպարը և կռվի թեման։ Ռազմիկների պատկերաքանդակներ կրող խաչքարային արձանագրությոոններից դատելով, կարելի է դրանց ամենահավանական սկիզբը համարել 12-րդ դարի կեսերը, երբ Արցախի իշխանությունները համառ պայքար էին սկսել երկրամասի ազատագրման համար։
Մոտ երեք տարի առաջ Պտրեցիք գյուղի անտառներում հայտնաբերվեց մի խաչքար, որն ամենայն հավանականությամբ, նման խաչքարերի առաջնեկներից է։ Խաչքարը արձանագրություն չունի։ Իր պարզությամբ առանձնանում է պատկերաքանդակը. պատկերված չեն հեծյալի հագուստը, գլխարկը, մանրամասնված չեն դեմքը, ձիասարքը, թամբը։ Մերկացրած թուրը և գոտուն ամրացրած պատյանն ավելի ենթադրելի են։ Թվարկած մանրամասները հիմք են տալիս խաչքարը վերագրել 11-րդ դարին, ամենավերին սահման համարելով 12-րդ դարի սկիզբը»։