Արևմտյան Հայաստանի Մոկս բնակավայրը գտնվում է Վանա լճից հարավ, Արևելյան Տիգրիսի աջակողմյան վտակ Մոկս գետի եզերքին։ Բոլոր կողմերից պատված է լեռներով։ Այժմ թուրքերը կոչում են Մոկուս և սովորական գյուղ է: Հիշատակվում է իբրև ավան, բերդաքաղաք։ Այստեղ Ամենափրկիչ վանքում պահպանվել է Գասպար անունով ոմն մոգի գերեզմանը, որի հետ էլ ոմանք կապում են Մոգս-Մոկս անվան ծագումը։

Գյուղաքաղաքը թաղված է այգիների մեջ։ Կլիման մեղմ է, առողջարար, ձմեռը տևում է շուրջ 5 ամիս։ Փարթամորեն աճում են ընկուզենին, տանձենին, խնձորենին, սալորենին։ Ջրառատ է. կան բազմաթիվ, սառնորակ աղբյուրներ և առվակներ։

Հնում կոչվել է Մոկք և եղել է Մոկաց աշխարհի Մոկք  գավառի կենտրոնը։ IX-XI դարերում համանուն գավառի և աշխարհի հետ միասին ենթարկվում էր Արծրունի իշխաններին-թագավորներին։ Միջին դարերում Մոկսը միատարր հայաբնակ բերդաքաղաք էր, նոր ժամանակներում այստեղ հայերից բացի բնակվում էին նաև քրդեր։

XIX դարի 70-ական թվականներին ուներ 2000 բնակիչ, իսկ XX դարի սկզբներին՝ 200 տուն՝ մոտ 1600 բնակիչներով։ Այստեղի հայերը նույնպես երկու անգամ ենթարկվել են թուրքերի կազմակերպած ջարդերին՝ 1895-96թթ. և 1915թ. մեծ եղեռնին։ Սակայն Մոկսի և նրա շրջակայքի գյուղերի հայ բնակչության զգալի մասը, որ եռանդուն մասնակցություն է ունեցել Վանի հերոսական ինքնապաշտպանական կռիվներին, փրկվել է թուրքական յաթաղանից և այդ կողմերի տասնյակ հազարավոր հայերի հետ միասին ռուսական զորքի ու հայ կամավորական ջոկատների ուղեկցությամբ գաղթել Արևելյան Հայաստան։