Արևմտյան Հայաստանի Կաղզվան բնակավայրը հիշատակվում է իբրև գյուղ, ավան, բերդ և քաղաք։ Հայտնի է նաև Երասխաձորի բերդ անունով։ Ենթադրվում է, որ այն սկզբում կոչվել է Կաղզովան։ Գտնվում է Անիի ավերակներից մոտ 22 կմ հարավ-արևմուտք, Արաքսի աջ ափին։ Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից մոտ 1500 մ է։ Շրջապատված է մրգատու այգիներով։ Բուսականությունը փարթամ է։ Քաղաքն առանձնապես մեծ վնասներ է կրել 1840 թվականի երկրաշարժից։
Կաղզվանի դիրքը նպաստավոր է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով, այն գտնվում է Կարսից Վան տանող ճանապարհի վրա, որը գրեթե մշտապես բանուկ է եղել։ Քաղաքի շրջակայքում կան օգտակար հանածոների և բնական շինանյութերի հանքավայրեր։ Հնում Կաղզվանը մտնում էր Գաբեղյանք գավառի մեջ։ Կաղզվանի տեղում բնակավայր է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Այդ են ապացուցում նրա աղահանքերում հայտնաբերված քարի ու պղնձի գործիքները։ IX-X դարերում Կաղզվանն արդեն ամրոց էր և բավական մարդաշատ հայկական կայազորի կայան։ Այն իր շրջակայքով մտնում էր Բագրատունիների թագավորության մեջ։ XIII դարի սկզբներին արդեն վերածվել էր գյուղաքաղաքի։
XVI դարից մինչև 1878 թվականը այն ընդհանուր առմամբ գտնվում էր թուրքական տիրապետության տակ, իսկ դրանից հետո՝ Կարսի մարզի հետ միասին միացված էր ռուսական պետությանը և նորից Թուրքիային է անցել 1921 թվականին։
Կաղզվանն առաջին հերթին այգեգործական խոշոր բնակավայր էր։ Նրա բնակիչները գրեթե բոլորն ունեին իրենց պտղատու այգիները, որոնց բերքի զգալի մասը վաճառքի էին հանում տեղի շուկայում։ Կաղզվանն իր կառուցվածքով նման էր Արևմտյան Հայաստանի մյուս գյուղաքաղաքներին։ Ուներ մեկ նորաշեն եկեղեցի ս. Աստվածածին անունով, որտեղ պահվում էին հայկական ձեռագրեր՝ Ավետարան, Աստվածաշունչ և այլն։ Հետագայում այդ եկեղեցին դարձել էր ուխտավայր, որի մնացորդները գոյություն ունեն մինչև մեր օրերը։ XIX դարում և XX–ի սկզբներին Կաղզվանում գործում էին հայկական երկսեռ երկու դպրոցներ։