7,8 մագնիտուդով երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը եղել է Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգի Փազարջըք շրջանը, տուժել են բազմաթիվ քաղաքներ և գավառներ։ Ըստ լուրերի՝ ավերվել է նաև Այնթափի պատմական ամրոցը։ Հայտնի է, որ Այնթափի ամրոցը կառուցվել է քաղքոլիթի ժամանակաշրջանում՝ 6000 տարի առաջ, մի թմբի վրա։
Երկրաշարժի հետևանքով վնասվել են նաև հայկական եկեղեցիներ։ Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հայտնել է, որ Կիլիկիայում Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին է վնասվել։
«Պատրիարքարանը վարչական խորհուրդների միջոցով է փորձում ամեն ինչ իմանալ։ Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ինչպես նաև Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցիների վիճակը հարաբերականորեն նորմալ է։ Տեղի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից նույնպես լուրերը մտահոգիչ չեն»,–ասել է Գոչունյանը։
Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը խորը ցավակցությունն է հայտնում Արևմտյան Հայաստանում և հարևան Սիրիայում ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային մեծ կորուստների: Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով Արևմտյան Հայաստանի բնիկների կողքին լինելու այս դժվարին պահին և միասին հաղթահարելու այս սարսափը: