Արևմտյան Հայաստանի Բագարան քաղաքը հիշատակվում է նաև որպես բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն։ Գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Բագարանը եղել է հայերի սիրված մայրաքաղաքը։
Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա II դ սկզբին։ Մայրաքաղաք Արմավիրից այնտեղ են տեղափոխել հեթանոսական կուռքերը։
- IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։
- 1048 թվականին Բագարանը զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությունը։ 1394 թվականին Լենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բագարանը։
Բագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ 1913 թվականի տվյալներով Բագարանը անշուք գյուղ էր և ուներ 796 հայ բնակիչ։