Արևմտյան Հայաստանի Խնուս բերդաքաղաքը, որին թուրքերը կոչում են Խնըս-կալե, համարվել է նաև ավան կամ բերդ։ Գտնվում է Արածանիի աջակողմյան վտակ Խնուս գետի ափին, Բյուրակնյան լեռների արևելյան ստորոտում։ Քաղաքը տեղակայված է զառիթափ լեռնալանջերի վրա, ծովի մակարդակից ունենալով մոտ 1800 մ բարձրություն։ Այն ջրառատ է, առողջարար կլիմայական պայմանններով: Խնուսի մոտ կան ածխաթթվային հանքային աղբյուր, շինարարական ընտիր քարի պաշարներ, քարածխի և կերակրի աղի հանքավայրեր։

Հնում Խնուսը Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Վարաժնունիք գավառի կենտրոնն էր։ Նոր ժամանակներում Խնուսը Կարին նահանգի Խնուս գավառակի կենտրոնն էր։  

Խնուսի ամենանշանավոր կառույցը կարելի է համարել նրա բերդը, որի մասին հին հայկական աղբյուրներում տեղեկություններ չեն հաղորդված։ Այն հիշատակված է օտար հեղինակների կողմից։  Բուն քաղաքում կար հայկական երկու եկեղեցի՝ մեկը հնաշեն, իսկ մյուսը՝ նոր։ Դրանցից նշանավորն առաջինն էր՝ ս. Աստվածածին քարաշեն եկեղեցին։  XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին Խնուսի մշակութային և ազգային կյանքը բավական եռուն էր: Այստեղ, ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան՝ 100-ից ավելի աշակերտներով ու 4 ուսուցչով։ 

XIX—XX դարերի բնակչության քանակի վերաբերյալ եղած տվյալները խիստ հակասական են։ Անհատ հեղինակների տեղեկությունների համաձայն՝ 1800-1830-ական թվականներին Խնուսի բնակչության թիվը հասնում էր 5000 մարդու, որի 80%-ը (4000-ը) կազմում էին հայերը։ 

1915 թվականի մեծ եղեռնի հետևանքով Խնուսի գավառակում բնաջնջվեցին ավելի քան 25000 հայեր։ Բնաջնջվեց նաև Խնուս քաղաքի հայությունը, 1916 թվականին այստեղ մնացել էին միայն 200 հայ բնակիչ։