ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ համատեղ կգնահատի Արևմտյան Հայաստանում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մշակութային ժառանգության օբյեկտներին հասցված վնասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունում։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ մեկտեղ արդեն սկսել է վնասի նախնական գնահատումը», – ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի կցորդ Թոմ Մալարը։
Նա նշել Է, որ աշխատանքին մասնակցում են Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի փորձագետներ։ Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «անհրաժեշտ է անհապաղ ապահովել մշակութային ժառանգության օբյեկտների անվտանգությունը»։
Ինչպես նշել է Մալարը, երկրաշարժի հետևանքով, մասնավորապես, վնասվել են Տիգրանակերտի ամրոցը և Հևսելի այգիները։ Փորձագետները մտադիր են նաև գնահատել Պորտասարի և Արսլանթեփե բլուրի հնավայրերի վիճակը, հավելել է մամուլի կցորդը։ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ին հատկապես մտահոգում է Հալեպի Հին քաղաքի շինությունների, այդ թվում՝ միջնաբերդի պահպանվածությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն իր ցավակցությունն է հայտնել աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վստահեցրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ աջակցությունն իր մանդատի շրջանակներում:
Արևմտյան Հայաստանը արդեն իսկ նախաձեռնել է ուսումնասիրությունները և աշխատանքները աղետի վայրում, որտեղ կան պատմամշակութային արժեքներ: Հույս ենք հայտնում, հայտնաբերվող վնասները անվերականգնելի չեն լինի մեր մշակույթի համար: