Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը մեծ վնասներ է պատճառել նաև Կիլիկիային։ Հաթայ նահանգի ամենամեծ գավառ Անթաքիա և հատկապես՝ Սամանդաղ գավառում, մեծ ավերածություններ են եղել։

Տարածաշրջանում որոնողափրկարարական աշխատանքները բավարար չեն։ Շատերն իրենց հարազատներից լուր չունեն։ Ենթադրվում է, որ Անթաքիայի ուղղափառ համայնքից 100 մարդ մնացել է փլատակների տակ։ Ալեքսանդրետտայի եկեղեցում երկրաշարժից տուժածների համար ստեղծվել է օգնության կենտրոն։ Ամբողջությամբ ավերվել է Ալեքսանդրետտայի Լատին կաթոլիկ եկեղեցին, վնասվել է նաև Քառասուն Մանգանց հայկական եկեղեցին։

Շրջանում ջրի, հացի, վերմակի, վերարկուի և այլ առաջին անհրաժեշտության պիտույքների հրատապ կարիք կա։ Մեծ վնաս են կրել քաղաքի 278 շինություններ։ Բացի բնակելի շենքերից, վնասվել են բազմաթիվ պետական շինություններ։ Վնասվել են քաղաքի ենթակառուցվածքները, հոսանքալարերը, ընդհատվել է կապը տարբեր շրջանների հետ, Հաթայի օդանավակայանի թռիչքուղու վրա հսկայական ճաքեր են գոյացել, իսկ Քըրըքհան-Ռեյհանլը ճանապարհը փլուզվել է։

Ավերվել է նաև Ալեքսանդրետտայի պետական ​​հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը։ Քըրըքհանի գազատարում պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, Ալեքսանդրետտայի նավահանգստի նավամատույցում տեղ-տեղ փլուզումներ են եղել։

Արևմտյան Հայաստանը շարունակում է մոբիլիզացնել տեղական թիմերը Կիլիկյան Հայաստանի մեծապես տուժած շրջաններից տեղեկատվություն ստանալու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար, սակայն թուրքական օկուպացիոն իշխանությունները շրջափակել են աղետի ողջ տարածքը։