Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, փետրվարի 8-ին Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել: Բանաձևը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի արդեն երկու ամիս շարունակվող շրջափակմանը:

Գործընկերներին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը գրել է. — «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը հեռացնելու համար Արցախից և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից՝ էթնիկ զտումների ակնհայտ նշան, որը մենք չենք կարող անտեսել։ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները միջանցքը վերաբացելու համար»։

Բանաձևի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար:

Դրանք են՝ դիմել միջազգային դատարաններին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար, համագործակցել միջազգային գործընկերների՝ ներառյալ Արցախի իշխանությունների հետ՝ Բերձորի ճանապարհին 

միջազգային դիտորդների տեղակայումն ապահովելու համար, անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն՝ Ադրբեջանին և կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ադրբեջանական ագրեսիայից տուժող արցախահայերին ամերիկյան կայուն մարդասիրական օգնության և զարգացման երկարաժամկետ աջակցության հզոր ծրագիր մշակել: Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում ԱՄՆ-ի մեր գործընկերներիի հայտարարությունը, և հորդորում միջազգային հանրությանը հստակ գործողություններ կատարել այս հարցում։