Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր զեկույցը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձը իրենց տներ, ընդգծում է զեկույցը:

«Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրախորհրդարանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի և ԵՄ համագործակցությանը։ Մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Բերձորի ճանապարհով, որը գրեթե երկու ամիս արգելափակված է», — հայտարարել է զեկուցող Անդրեյ Կովաչևը քվեարկությունից հետո։

Զեկույցում Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտեց խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրեց նրան, որ ադրբեջանական ուժերն օկուպացրեցին Հայաստանի ինքնիշխան տարածքը:

Արևմտյան Հայաստանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում ագրեսոր Ադրբեջանի սադրիչ գործողությունների վրա, որը վերջին շրջանում հանգեցրեց և՛ մարդկային և՛ տարածքային կորուստների։ Բռնազավթիչ Ադրբեջանի նվաճողական քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս, պետք է քայլեր ձեռնարկել պատժամիջոցներով զսպելու Բաքվի դիկտատորի գործողությունները։