Արևմտյան Հայաստանի Մարաշի Փազարջիք և Ալբստան գավառներում 7,8 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժերի  5-րդ օրվա՝ փետրվարի10-ի դրությամբ, Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 18 հազար 342-ի, վիրավորվել է 74 հազար 242 մարդ։ Նրանց թվում են հազարավոր հայազգի քաղաքացիներ։ Տիգրանակերտում  զոհվել են հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսն ու ամուսինը։

Հիշեցնենք, որ Սիրիային և բռնազավթված Արևմտյան Հայաստանին պատուհասած աղետից հետո Հայաստանի Հանրապետությունը փրկարար ջոկատներ է ուղարկել աղետի վայրեր։ Արևմտյան Հայաստանի Սամոսատ (Ադըյաման) քաղաքում հայ փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ-առողջ դուրս բերել երեխայի:

Տարածաշրջանում ուսումնասիրություններ անցկացնող փորձագետները պարզել են, որ երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Թևեքքելի  գյուղի տարածքով անցնող Արևմտյան Հայաստանի ակտիվ խզվածքը  ճանապարհները 4 մետրով տեղափոխել է դեպի ձախ, իսկ Մարաշից դեպի Այնթափ ձգվող գնացքի գծերը ծռվել են։

Արևմտյան Հայաստանը աչալրջությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը և հավաքագրում ինֆորմացիա մեր հայրենակիցների մասի՝  դրան համապատասխան աջակցություն ցուցաբերելով։ Արդեն 5-րդ օրն է ինչ տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժը, սակայն բազմաթիվ մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ՝ անօգնական վիճակում։ Կան վայրեր, որ թուրքական զինվորականները շրջափակել են, որտեղ փրկարարական ոչ մի աշխատանք չի կատարվում, մարդիկ ստիպված են իրենք իրենց օգնել։