Արևմտյան Հայաստանի Մարաշից 6 կմ հեռավորության վրա, 4.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը զգացվել է նաև Հալեպում: Հայ մամուլը տեղեկություններ էր հրապարակում հայերի մասին։ Սակայն պետք է նկատի առնել, որ տեղի բնակչության զգալի մասը՝ քրդացած մահմեդականներ թե ալավիներ, ծագումով հայ են։ Ավերվել են հայ բազմաթիվ սրբատեղիներ, հայ ճարտարապետության բազմաթիվ կոթողներ։ Կիլիկիայի Աղեքսանդրետում լրջորեն վնասվել է Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին։
Համաշխարհային մամուլը գրում է, որ Մարաշում վարչակարգը բավարար ջանքեր չի գործադրում տուժածներին օգնելու եւ երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցում։
Բնակիչները նշում են, որ պետությունը օգնություն չի ուղարկել, եւ փողոցներում դիակները թափված են առանց ծածկելու, իսկ փլատակների տակ ողջ մնացածների ձայներն են լսվում։ Ֆրանս պրեսը գրում է, որ թուրքական վարչակարգի հանդեպ զայրույթի ալիք է բարձրանում։
Վարչակարգի այս պահվածքը պատահական չէ։ Ի տարբերություն հայերի, Էրդողանը եւ նրա վարչակարգը լավ գիտեն իրավիճակը։ Արեւմտյան Հայաստանում թուրքեր գրեթե չկան, ինչպես նշեցինք՝ բնակչության զգալի մասը՝ քրդացած մահմեդականներ թե ալավիներ, ծագումով հայեր են, կան նաեւ հույներ, արաբներ, ասորիներ։ Մի քանի տարի առաջ կառավարությունը կայք գործարկեց, որի միջոցով քաղաքացիները կարող էին ստուգել իրենց գենետիկ ծագումը։ Կայքը շատ արագ փակվեց, քանզի պարզվեց, որ թուրքեր որպես այդպիսին գրեթե չկան։
Առաջին աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտությունից և 1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը թողեցին Կիլիկիան, Մարաշ վերադարձան 1915 թ. քաղաքից տարագրված հայերի մի մասը (շուրջ 25,000 մարդ), այդ թվում՝ ֆրանսիական բանակի կազմում կռված լեգեոնականներ:
1919 թ. քեմալական-ազգայնական շարժման ծավալման պայմաններում թուրքական իշխանությունները զենքի ուժով Մարաշից ֆրանսիական կայազորը հեռացնելու և հայությանը կոտորելու նոր ծրագիր են նախապատրաստում: Դա իրագործելու նպատակով իշխանությունները նախ զինում են տեղի մուսուլման խառնաբոխին, ապա խռովությունների կազմակերպման միջոցով բորբոքում վերջիններիս ատելությունը մարաշահայության նկատմամբ:
1920 թ. հունվարի 21-ին քեմալական զորքերը հանկարծակի հարձակումով զգալի կորուստներ են պատճառում քաղաքում ամրացած ֆրանսիական կայազորին: Հաջորդող օրերին հայկական թաղամասերի վրա արձակվող անընդհատ ռմբակոծությունների հետևանքով բռնկված հրդեհը ողջակիզումների պատճառ է դառնում եկեղեցիներում և այլ հաստատություններում ապաստանած հայության շրջանում: Վիճակն ավելի սարսափելի է դառնում, երբ թուրքական ուժերը ձողերի վրա ամրացված նավթով հագեցած հրավառ լաթերով հարձակվում են հայկական
թաղամասերի վրա և հրդեհում հայերի տները: Ստեղծված պայմաններում ֆրանսիական հրամանատարության անվճռական և անորոշ դիրքորոշումը ստիպում է հայ բնակչությանը խիստ անհավասար պայմաններում քաղաքի առանձին հատվածներում դիմել ինքնապաշտպանության: Բուռն մարտեր են մղվում հատկապես Սուրբ Սարգիս, Սուրբ Քառասուն Մանկանց, Սուրբ Աստվածածին եկեղեցիների մոտակայքում, որտեղ դիրքավորված սակավաթիվ հայ լեգեոնականները մի քանի տասնյակ հին զենքերով զինված մարաշցիների հետ փորձում էին պաշտպանել այդ եկեղեցիներում ապաստանած հազարավոր հայերի կյանքը: Շուրջ քսան օր տևած գոյամարտում իրենց հերոսությամբ աչքի ընկան Սարգիս Մարգարյանը, Սեդրակ Խրլաքյանը, Հովսեփ, Հաճի և Պետրոս Հավանճյան եղբայրները, Արամ Սամուելյանը, Մինաս Համբարյանը, Ստեփան Աղազարյանը և ուրիշ քաջորդիներ:
Ի վերջո փետրվարի 10-ի երեկոյան ֆրանսիական հրամանատարության՝ Մարաշը լքելու անփառունակ որոշումն անդառնալի հետևանք ունեցավ տեղի հայության հետագա ճակատագրի վրա: Ֆրանսիական կայազորի հետ Մարաշի սարսափներից հաջողվեց հեռանալ մի քանի հազար հայերի, որոնց մի մասը սակայն դեպի Քիլիս նահանջի ճանապարհին ձմռան սաստիկ ցրտի, սովի ու հիվանդությունների զոհ դարձավ:
Ինքնապաշտպանական փոքրաթիվ ուժերն այլևս անկարող էին դիմագրավել թուրքական գերակշիռ ուժերին: Փետրվարի 11-ին հազարավոր հայեր հանձնվեցին թուրքերի եղեռնագործությանը:
Մարաշի ինքնապաշտպանությունը թուրք ոճրագործների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի հերոսական էջերից է:
Աշխեն Վիրաբյան