Լույս է ընծայվել հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Մարգարյանի «Հայոց լեզվի տարիքի եւ տոմարի սկզբնավորման շուրջ» աշխատությունը:

Գրքում հեղինակը, համադրելով արդի համաշխարհային գիտական հանրությանը քաջածանոթ լեզվաբանների, հնագետների, գենետիկների, մարդաբանների ուսումնասիրություններն ու դիտարկումները և դրանց  հավելելով Անանիա Շիրակացու մաթեմատիկական  և տոմարական հաշվարկներում հիշատակված թվերը, հանգել է այն եզրակացության, որ հիրավի հայոց լեզուն կարող է համարվել հնդ-հեթական նախալեզվի անմիջական հարազատ ժառանգը։ Աշխատության մեջ նախ շարադրված են հարցի վերաբերյալ հետազոտողների մի շարք հիմնավորումներ, ապա բերված է հայոց նախահայր Թորգոմի տնից սկիզբ առած հայ ցեղի ծննդյան վկայականը։

Նազելի Խաչիկի Մարգարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը։ 2001 թ․ նա նույն հաստատությունում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայնրիխ Հայնեն և հայ գրականությունը» թեմայով։ Նազելի Մարգարյանի գիտական ուսումնասիրությունները կենտրոնացած են հայագիտական հետազոտությունների վրա։