Արևմտյան Հայաստանում իրար հաջորդած ավերիչ երկրաշարժերի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ մնացել են անօթևան։

Երկրաշարժերից տուժած Սամոսատում (Ադըյաման) հարյուրավոր շենքեր են ավերվել։ Ժողովուրդը շարունակում է դրսում օգնության սպասել՝ ցուրտ եղանակին, դժվարին պայմաններում։ Բնակիչները այսպես են  ներկայացրել իրավիճակը. «Պետությունը շատ ուշ օգնեց մեզ, և Սամոսատում ոչինչ չի մնացել։ Քաղաքի կենտրոնում և գյուղերում դեռևս ավերված շենքեր կան, որոնց ուշադրություն չի ցուցաբերվել։ Փլատակների տակ դեռ դիակներ ունենք, որոնք հոտ են տարածում»:

Ըստ ձեռք բերված տվյալների՝ Սամոսատում չկա լույս, ջուր, ինտերնետ, ժողովուրդը շատ ծանր վիճակում է։ Անվնաս շինություն գրեթե չկա։ Բոլոր շենքերը ավերակ են, չկա ընտանիք, որ փլատակների տակ մնացած հարազատ չունենա։ Ընդհանուր առմամբ, մարդկանց բարոյահոգեբանական վիճակը ծանր է։ Ո՛չ արտակարգ իրավիճակների վարչության, ո՛չ ժանդարմերիայի փրկարար, ո՛չ զինվոր, ո՛չ ոստիկան այստեղ գոյություն չունի։Ականատեսների խոսքով՝ կառավարությունը չկարողացավ բավարար  չափով մարդկանց օգնել:

Սամոսատի Դանդըրմազ գյուղի տների մեծ մասն ավերվել է, թեև գյուղացիները բախվել են կացարանային ու սննդի հետ կապված խնդիրներին, սակայն պետությունից օգնություն չի ստացվել։ Գյուղացիներն այսպես են պատմում․ «Մեր զոհված հարազատներին մեր միջոցներով թաղել ենք, բայց մեր անասուններն ու իրերը մնացել են փլատակների տակ։ Օգնությունը գալիս է միայն քաղաքացիներից, մինչ օրս պետությունից օգնություն չի եղել»։

Արդյո՞ք այս անտարբերությունը պայմանավորված չէ նրանով, որ Սամոսատում մեծ թվով ծպտված հայեր են ապրում։

Հաշվի առնելով բռնազավթիչ Թուրքիայի անգործությունը, հատկապես այն շրջաններում, որտեղ ծագումով հայերը մեծամասնություն են կազմում, Արևմտյան Հայաստանը ձեռնարկել է մի շարք գործողությունները բնակիչներին առաջին օգնության անհրաժեշտ պարագաների տրամադրման համար։ Հայ Ճամփան մարդասիրական և ֆինանսական օգնություն է հավաքագրում, որպեսզի փոխանցի Արևմտյան Հայաստանում ապրող՝ երկրաշարժից տուժած մեր բնակչությանը։ Ովքեր ցանկություն ունեն աջակցելու կարող են կապ հաստատել Հայ Ճամփա ասոցիացիայի  հետ։