Փետրվարի 12-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ ցույց՝ Արցախի երիտասարդ մայրերի մասնակցությամբ և ֆեյսբուքյան տիրույթում շրջափակման առաջ բերած խնդիրների քննարկման ու համատեղ հաղթահարման համար ստեղծված սոցիալական խմբի նախաձեռնությամբ։
«Այսօր Արցախն ապրում է իր պատմության դժվարին շրջափուլերից մեկը։ Իսկ արցախցին, զրկված լինելով կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից, շարունակում էր ամուր կառչած մնալ հայրենի հողին։ Այդ ամենով պայմանավորված` որոշեցինք նախաձեռնել այսօրվա ակցիան` ևս մեկ անգամ բարձրաձայնելու մեր երեխաների ոտնահարված իրավունքների մասին։ Որպես խորհրդանիշ` ընտրել ենք մանկան ձեռքը, որն ուրույն խորհուրդ ունի»,-«Արցախպրես»-ի թղթակցին ներկայացրել է նախաձեռնության հեղինակ Անի Հայրապետյանը։
Ակցիայի ավարտին մայրերի հետ Վերածննդի հրապարակ եկած փոքրիկները գունավոր կավիճներով խորհրդանշական պատկերներ նկարեցին։
Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Արցախում ապրող բնակիչների տոկունությունն ու համախմբվածությունը՝ ազատ ու խաղաղ ապրելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը այսօր իր օրինակով փորձում է բարձրաձայնել բռնազավթիչ Ադրբեջանի կողմից ստեղծված խնդրի մասին, որին պետք է միջազգային կառույցները համապատասխան արձագանք տան։ Ադրբեջանը խախտում է Արցախում ապրող բնիկ հայերի իրավունքները, ցանկանալով այս ճանապարհի փակումը ավարտել էթնիկ հայերի զտումով, իսկ դա մենք թույլ տալ չենք կարող։