Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատար

Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում: Երբ Արցախյան շարժման խաղաղ ցույցերին փոխարինեց զինված պայքարը, Վլադիմիրն առաջին գծում էր՝ որպես ջոկատի հրամանատար: Վաճառել էր սեփական ավտոմեքենան, զենք էր գնել եւ ինքնապաշտպանական ջոկատ կազմավորել, որը պատրաստ էր դիմակայել թշնամուն: Վլադիմիրը ղեկավարում էր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն որևէ այլ շրջանի դրության վատթարացման դեպքում, նա իր զինվորների հետ անմիջապես հասնում էր օգնության:

1991 թվականի ձմռանը Շահումյանում կայացավ Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը: Այն զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդը եւ Վլադիմիրը, 1990-1991թթ. կոչվեց «Ազատագրական բանակ», որը նմանը չի ունեցել բոլոր ժամանակների հայկական զորամիավորումների պատմության մեջ: «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատարը Վլադիմիր Բալայանն էր:

Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան եւ տալով ընդամենը 7 զոհ: Վլադիմիրը 6-րդն էր. նա զոհվեց 1992թ. հունիսի 9-ին Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում: 

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը Վլադիմիրի, զինեղբայրը, շնորհավորելով մեծանուն հայի և հրամանատարի ծննդյան 65 ամյակը, իր ուղերձն է հղել նրա հարազատներին և զինակից ընկերներին, մասնավորապես նշելով․  «Վլադիրմիր Բալայանը հայրենիքը սիրելու և գնահատելու վառ օրինակ է, ով պայքարեց հանուն հայրենիքի ազատարգրման և ընկավ պատվո դաշտում՝ սերունդներին թողնելով ազատագրության վեհ գաղափարը։ Մեծ պատիվ է եղել պայքարել Բալայանի և Ազգալդյանի  նման հզոր հրամանատարների հետ մարտական դաշտում, նրանց հետ կիսել բազմաթիվ դժվարություններ, ունենալ մարտական ընկերների կորուստ, բայց տեսնել նաև հաղթական լուսաբացը։ Մենք պարտավոր ենք պայքարել հանուն հայության իրավունքների վերականգնաման և մեր հայրենիքի տարածքում ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար, ինչն այժմ իրականացնում է Արևմտյան Հայաստանը»։