Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Արցախի մշակութային ժառանգության բռնայուրացման, պատմական իրականության խեղաթյուրմանը միտված ադրբեջանական քաղաքականության մի մասն է կազմում Արցախի օկուպացված տարածքներ տարբեր երկրների քաղաքացիների այցելությունների կազմակերպումը: Սովորաբար այցելուները  լրագրողներ են, ովքեր տարբեր մեդիա հարթակներում ունեն մեծ լսարան, քիչ չեն նաև դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչները: Նման այցելությունների շրջանակներում ադրբեջանական կողմը ցուցադրում է Ֆիզուլիում կառուցած նոր օդանավակայանը, ենթակառուցվածքները, ուղեկցում է օկուպացված Շուշի, Աղդամ, Հադրութ, Տող, Ազոխ, Թալիշ, Մատաղիս: Դրա գլխավոր նպատակը մեդիա ներկայացուցիչներին իբրև թե «հայկական կողմի վայրագությունները» ցուցադրելն է։ Սովորաբար նման այցելությունները կազմակերպում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի նախագահին առընթեր արտաքին կապերի և մամլո ծառայությունները: Անցած շաբաթ նման մի այցելություն էր կազմակերպվել դեպի համաշխարհային ճանաչում ստացած Ազոխի քարեդարյան քարայր՝ իբր ներկայացնելու, թե ինչպես են «հայերը քարայրը վանդալիզմի ենթարկել, ինչ վատ են վերաբերվել»: Սակայն, քարայրի ներսի պահպանական հարթակները, պեղված հատվածների պահպանիչ հատուկ թաղանթները, ընդհակառակը, վկայում են այստեղ աշխատած միջազգային արշվախմբի բարձր պրոֆեսիոնալիզմը։ Ուշագրավ է, որ օտարազգի ներկայացուցիչներն իրենց ելույթներում խոսում են միայն տարածքների գեղեցկության մասին և չեն անդրադառնում իրենց մատուցվող՝ այսպես կոչված «վանդալիզմին»։

Արևմտյան Հայաստանը դատապարտելով ադրբեջանական սադրիչ և ստահոդ տեղեկությունների տարածումը և հանրայնացումը, հիշեցնում է միջազգային կառույցներին և գործընկեր կազմակերպություններին, որ դեռևս տարիներ առաջ Ադրբեջանական վանդալիզմի ամենացայտուն օրինակն էին Ջուղային հին խաչքարերը, որի համար հետագայում Արևմտյան Հայաստանը դատ բացեց ընդեմ Ադրբեջանի։ Արցախի տարածքների բռնազավթումից հետո ադրբեջանցի հրոսակները ցանկանում են ամեն գնով այդ տարածքներից վերացնել հայկական հետքը, փորձելով դրանց տալ ազգային այլ պատկանելություն, սակայն փաստերն ավելի խոսուն են քան նմանատիպ սին հատարարությունները։