2023թ. փետրվարի 13֊ին Հալեպում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպել են Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։
Բադալյանը խորին ցավակցություն է հայտնել Հալեպում գրանցված երկրաշարժի անմեղ զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։ Այնուհետև փրկարարական խմբի գնդապետ Արմեն Գևորգյանը ներկայացրել է անցնող օրերին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և շնորհակալություն հայտնել Հալեպի նահանգապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հ.Դիյաբը դրվատանքի խոսքեր է ուղղել հայ փրկարարներին` հանձնելով Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիրը։ Հալեպի նահանգապետ Հ.Դիյաբը և ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բ.Բադալյանը կարծիքներ են փոխանակել հայ֊սիրիական բազմաբնույթ հարաբերությունների վերաբերյալ։
Արևմտյան Հայաստանը ևս իր շնորհակալությունն է հայտնում Երևանից ուղարկված փրկարարական խմբի անդամներին, իրենց կատարած դժվարին աշխատանքի համար, կարևորելով այն, որ փրկարարի բուն գործը օգնելն է դրա կարիքը ունեցողներին՝ անկախ ազգային պատկանելությունից։