
Սիրելիներ, արդեն մոտենում ենք Հայոց Սրբազան Տրնդէզ տոնին, որն ինչպես միշտ տեղի կունենա Հայկեան Սրբազան Տոմարի համաձայն, Հրոտից (հուրը ոտից) ամսվա Հրանտ օրը, որը գրիգորյան տոմարի փետրվարի 15-ին է:
Տրնդէզը Հայկական «Հայկեան» սրբազան ուսմունքի համաձայն, չորս սատար կամ օժանդակ տոներից մեկն է, որը խորհրդանշում է բնության չորս տարրերից մեկին՝ կրակին: Մեր նախնիների իմաստության համաձայն, տրնդեզի կրակով մենք ձմռանն օժանդակում ենք անցում կատարել դեպի գարուն, այսինքն՝ հայկական Ամանոր-Զատիկ, որն Արեգ ամսվա Արեգ օրն է (մարտի 21-ին):
Իսկ հայկական հոգևոր ավանդության համաձայն, տրնդէզին երկինքն ու երկիրը համբուրվում են միմյանց հետ, որը համարվել է սիրահարների և նորապսակների խորհրդանշական տոնը, որը դարեր անց արևմուտքը նույն օրն անվանակոչեց վալենտինի տոն, այդպես հայկականը մոռացության տալով:
Սովորության համաձայն, սկեսուրն իր նորահարսին ցույց է տալիս կրակին և թռցնելով կրակի վրայով, նրան մաքրում և պատրաստում է մայրության համար, իսկ սիրահարները միմյանց հետ կրակի վրայով ցատկելով սրբում և սրբացնում են իրենց սերը:
Իսկ ամենակարևորն այն է, որ տրնդէզի տոնից սկսվում է հայկական պահքը, որը տևելու է 36 օր և ավարտվելու է Ամանոր-Զատիկին՝ Արեգ ամսվա Արեգ օրին (մարտի 21-ին):
Սրբազան ավանդության համաձայն, պահքը սննդի խիստ սահմանափակումն է, սովորաբար առավոտից առավոտ պետք է ուտել, կամ առավոտյան և կեսօրից հետո պետք է սահմանափակ սնունդ ընդունել: Պահքի շրջաններին գոնե փորձում ենք հրաժարվել կենդանական սննդից:
Պահքի շրջանի վերջին հինգ օրերը, որը Հայկական տոմարի համաձայն հավելյաց օրեր են և խիստ կարևոր հոգևոր անհատների համար, պահքը խստանում է. միայն ջուր կամ առավելագույնս բանջարեղենի հյութ է ընդունվում որպես սնունդ, որպեսզի մարմինը և դրան զուգահեռ հոգին մաքրվելով, պատրաստ լինի դիմավորել Հայկական Ամանոր-Զատիկը:
Տրնդէզի խորհրդանշող գույնը դեղինն է, իսկ սնունդը՝ զանազան մրգաչրերից պատրաստված ուտեստներ:
Հայկեան Սրբազան Ուսմունքի համաձայն, Տրնդէզի գլխավոր հովանավորները Բարեփառ Միհրն ու Վիշապաքաղ Վահագն Դիցերն են, իսկ Մոգական ավանդությամբ, տոնի սատար հովանավորներից են նաև Իմաստուն Տիր Դիցն ու Աստղիկ, Նանե ու Սանդարամետ Դիցուհիները, որոնք Մոգերին օժանդակում են Տրնդեզյան մոգական ծեսերի ընթացքին:
Տոնի կրակը Քրմերի միջոցով բերվում է Մեհյաններում վառվող Ատրուշանի անմար կրակից, որտեղ Քրմերի միջոցով վառվում և ծեսերի արդյունքում կրակը դառնում է մոգական: Տոնի ավարտին, մասնակիցները նույն կրակից տանում են իրենց տները, հնում թոնիրը այդ կրակով վառում էին, այսօր մոմերը:
Տրնդէզին նորածին Արեւը, որը ծնվել է ձմեռային արևադարձին՝ Մեհեկան ամսվա Միհր օրին (դեկ.23-ին), արդեն 54 օրական է, և Տրնդեզի տոնին մենք հրավառությամբ իրեն սատարում և օժանդակում ենք անցում կատարել դեպի հաղթանակ գարուն, որտեղ Արեւը կդառնա 90 օրական, և օրը կսկսի հաղթել և երկարել գիշերից:
Տրնդէզը և դրան հաջորդող պահքը ինքնամաքրման և նոր նպատակներին պատրաստվելու լավագույն շրջանն է: Խորհեք անցյալ մեկ տարվա արածի ու չարածի մասին, դասեր քաղեք, նոր նպատակներ սահմանեք ձեզ համար և ցատկելով Տրնդէզի սրբազան կրակի վրայով, մաքրվեք և այդպես Ամանոր-Զատիկին հաղթական եղեք Արեւի հետ միասին դառնալով Արեւի համագործակից՝ Արեւորդի: Տրնդէզից Ամանոր-Զատիկ ընկած ժամանակահատվածը համարվում է ինքնաճանաչման և ինքնակերտման շրջան և պատահական չէ, որ հենց այդ շրջանում է տեղակայված մեր Հայկեան «ԲԱԳԱՐ» արարչագործական տոներից վերջինը, ՀԱՅ ՄԱՐԴՈՒ արարման տոնը՝ Հրոտից ամսվա Վահագն օրը (մարտի 12), որտեղ կրակի բոցից ծնվում է բոց մորուքով (արական), հուր հերով՝ հրեղեն պսակով (իգական) և զույգ արեգական աչքերով (լիարժեք մարդ) խարտյաշ պատանեկիկը: Կանխավ բոլորիդ շնորհավորում եմ սրբազան Տրնդէզի տոնի առիթով և մաղթում հաղթական հոգևոր ինքնաճանաչման և ինքնամաքրման շրջան, մինչև բոլորով կտոնենք Հայկական Ամանորը՝ Արեգ ամսվա Արեգ օրին (մարտի 21):
Տրնդէզ անվան ստուգաբանումը ԱՏՐ ԸՆԴ ԴԷԶ-ն է՝ կրակը դեզում: ԱՏՐ-ը մեր Հայեան Ուսմունքի համաձայն կրակի չորս տեսակներից մեկն է: ԱՏՐ-ը երկնային և կայծակի կրակն է, որը երկնքումն էր տարածվում և չարքերին ոչնչացնում: Այդ տեղից է գալիս ԱՏՐուշան անվանումը
Քուրմ Յարութ Առաքելեան
Հ.Գ. Նշեմ, որ եկեղեցին և շատ ուրիշներ, Տրնդէզը սկսում են փետրվարի 13-ի երեկոյան, որովհետև նրանք առաջնորդվում են ջհուդական լուսնային տոմարով, որտեղ օրը սկսում է մայրամուտից առաջ լուսնի հայտնվելու պահին, հետևաբար այդ պահը իրենց օրացույցով արդեն փետրվարի 14 է, իսկ մեր՝ Արեւորդիներիս համար օրը սկսում է Արևածագով, երբ լույսը ծնվում է: