«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էրեբունի» թանգարանից հայտնում են, որ թանգարանի և Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի միջև համագործակցության շրջանակում Էրմիտաժը կաջակցի մասնագետների վերապատրաստման գործում։ Պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողները վերապատրաստում կանցնեն պետական Էրմիտաժի հանրահայտ լաբորատորիայում: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Էրմիտաժը կտպագրեն «Թեյշեբաինի» խորագրով գրքույկ: Էրմիտաժը կաջակցի նաև «Էրեբունի» թանգարանի նոր, արդիականացված գրադարանի համալրմանը և զարգացմանը: Այս առումով շուտով «Էրեբունի» թանգարանի գրադարանը կհամալրվի Էրմիտաժի կողմից տպագրված վերջին կարևորագույն աշխատություններով և կատալոգներով: