Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը վնաս է հասցրել նաև մի շարք պատմական կառույցների։ Դրանց թվում է Սամոսատի (Ադըյաման) Քահթա գավառում գտնվող Քարաքուշ բլրում տեղակայված 10 մետր բարձրությամբ սյունը։ Ականատեսների վկայությամբ՝ ավերված սյան տարածքում գտնվել են նրա հիմքը հանդիսացող բլոկները, սակայն սյան գագաթին գտնվող վիմագիր քանդակն անհետացել է։
Ուշագրավ է, որ նույն գավառում կառուցված Ջենդերե կամուրջը մնացել է միանգամայն անվնաս։ 1800-ամյա պատմական Ջենդերե կամուրջը, որն ունի 120 մետր երկարություն, 30 մետր բարձրություն և 7 մետր լայնություն, կառուցվել է երկու ժայռերի վրա՝ 92 մեծ քարերով, առանց շաղախի։ Գտնվում է Ջենդերե գետի վրա։
Սա ամենաամուր կամուրջն է Արևմտյան Հայաստանում, որը մեր օրերն է հասել Հռոմեական ժամանակաշրջանից և համարվում է աշխարհի ամենահին կամուրջներից, որոնք դեռ շարունակում են ծառայել։
Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը, շարունակում է հավաքագրել երկրաշարժի հետևանքով վնասված մեր պատմամշակութային հուշարձանների մասին ինֆորմացիա, որպեսզի հետագայում համապատասխան գործողություններ ձեռնարկվեն դրանց վերականգնման ուղղությամբ։